Ահա արդեն 74-րդ անգամ մենք ենթարկվելով ցեղասպանության, վերստին ծննունդ ենք առնում և վերահաստատում այս մոլորակի վրա ապրելու մեր անկոտրում կամքն ու ձգտումը: Հարյուրամյակներ շարունակ իշխող ուժերը ցանկացել են ոչնչացնել մեզ և մեր հնագույն կրոնը, բայց, չնայած ամեն տեսակ խոշտանգումներին, մենք երբեք չենք հրաժարվել մեր նախնիների հավատքից ու միշտ դիմադրություն ենք ցույց տվել: Մենք Սինջար լեռան պես ամուր կանգնած ենք բռնության դեմ նաև այսօր:

 


Շատերը մեր մասին գիտեն եզդի հերոս Դարվեշի Ավդիի պատմության շնորհիվ: Այն իրական պատմություն է դավաճանության, ավերածությունների և հայրենիքի նկատմամբ անմնացորդ ու անսպառ սիրո մասին: Բոլոր նրանք, ովքեր լսում են Դարվեշի իրական լեգենդը, նրանց հոգիները լցվում են արիությամբ ու հայրենասիրությամբ: Այն ատելություն է առաջացնում դավաճանության ու վախկոտության նկատմամբ և մեծ սեր ծնում առ հայրենիք ու ազատություն: Դրա համար էլ, երբ խոսքը վերաբերում է եզդիներին, միանգամից մտաբերում ենք սեր, հավատարմություն և հայրենասիրություն: Դարվեշի Ավդին իր 12 ընկերների հետ կռվել է հազարավոր արաբական և թուրքական զորքերի դեմ: Նրանք գիտակցում էին, որ առանց ազատ երկրի չի կարող լինել կյանք, ազատություն ու սեր:

 

 

 


Եվ ահա մեր օրերում էլ, ինչպես հազարավոր տարիներ առաջ, պատմությունը կրկնվում է. արաբական և թուրքական սուննիզմի ապօրինի զավակը, միջազգային իմպերիալիզմի կողմից սնվող հազարագլուխ հրեշ «Իսլամական պետությունը» հարձակվեց սուրբ Շանգալի վրա, արաբ և թուրք զավթիչները կրկին բարբարոսաբար ցանկացան ոչնչացնել եզդիներին, կրկին մեր շուրջը խարդավանքներ եղան, կրկին դավաճանություններ, և անգամ նրան, ում եղբայր էինք համարում, նա ևս դավաճանեց: Բայց և կրկին մեր ժողովուրդը ծնեց իր հերոսներին, իր նոր Դարվեշներին, ովքեր պայքարեցին և շարունակում են պայքարել հանուն իրենց պատվի ու հանուն ազատ կյանքի: Եվ ահա այդ հերոսները ամուր ու հպարտ կանգնած Սինջար լեռան վրա, կարծես խոսում են Դարվեշի հետ ու ասում. «Ննջիր հանգիստ և մի անհանգստացիր, այլևս քո ժողովուրդը գերեվարված չէ և մենք չենք վախենում մահից: Ազատ կյանքն այլևս իրականություն է…»

 

 

Մրազ Ազիզի