Մարդկության դեմ իրականացված ոճիրները վաղեմության ժամկետ չունեն, իսկ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Ուստի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ պետք է ունենա ոչ միայն համայն հայության, այլ նաև համայն մարդկության համար, քանի որ 1915թ.-ի ապրիլի 24-ը մարդկութայն պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացում էր, որը պետք է դառնար 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպ:


Եվ ահա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ նախագահը հրավերներ է ուղարկել բազմաթիվ երկրների ղեկավարներին: Հրավիրվածների շարքում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկարատև լռությունից հետո հանդես եկավ պատասխան հրավերով' Սերժ Սարգսյանին և 102 երկրների նախագահներին ապրիլի 24-ին հրավիրելով Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին:


Այս կերպ Թուրքիայի նախագահը փորձում էր ստվերել Ցեղասպանության 100-ամյակի հիշատակումը և խուճապ ու հիասթափություն առաջացնել հայկական կողմի մոտ: Թուրք պաշտոնյաներն էլ, իրենց հերթին, ջանք չեն խնայում կանխելու միջազգային ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ թուրքական ղեկավարությունը արժանացավ ոչ միայն միջազգային մամուլի, այլև փորձագետների ու լայն հասարակութայն բացասական արձագանքներին:


Իսկ ինչ վերաբերում է Հայաստան հրավիրված պաշտոնյաներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ, խոշոր երկրների ղեկավարներից հրավերքը ընդունել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: ՌԴ նախագահն այս մասին հավաստիացրել է օրեր առաջ ՀՀ նախագահ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:


Մնում է սպսել և տեսնել, թե ինչ որոշում կկայացնեն բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք նույնպես Հայաստան գալու հրավեր են ստացել:


Հուսանք, որ գոնե այս անգամ, նրանք կառաջնորդվեն ոչ թե իրեն պետության սեփական շահերից ելնելով, այլ համամարդկային արժեքներով:

 

 

Էրիկ Մելիքյան