Վերջերս գիտնականները իրականացրել են փորձ եւ գտել հիմնական 8 տեսակի մթերքները, որոնք երիտասարդացնող եւ գեղեցկությունը պահպանող հատկություն ունեն: Ռուսական «Universewomen.ru» կայքը հրապարակել է գիտնականների առանձնացրած մթերքները, ըստ որի, եթե նույնիսկ շաբաթական մեկ անգամ օգտագործեք դրանք, ապա ավելի առողջ, երիտասարդ ու գեղեցիկ տեսք կունենաք: Այսպես օրինակ՝ առաջարկվում եմ ուտել ընկույզ, քանի որ այն մաշկը խոնավեցնող, սնուցող եւ առաձգականությունը պահպանող հատկություն ունի: Այն պարունակում է վիտամին E, որը կանխում է մաշկի բջիջների ծերացումը:


Ընկույզը կարող եք ոչ թե շաբաթական, այլ ամսական 1 անգամ ուտել, եւ ձեր օրգանիզմը կապահովվի օգտակար նյութերով: Այնուհետեւ գիտնականներն առաջարկում են ուտել կորեկաձավարի շիլա, որը հարուստ է սիլիցիումով: Այս մթերքը եւս աչքի է ընկնում երիտասարդացնող հատկությամբ:


Սունկ սիրողներին էլ հատկապես խորհուրդ են տալիս շամպինյոն տեսակը, քանի որ այս տեսակի սնկերը պահպանում են դեմքի թարմ գույնը եւ կանխում կնճիռների առաջացումը: Բավական է շաբաթական մեկ անգամ ուտել ավոկադո եւ ձեր մազերը, եղունգներն ու մաշկը գեղեցիկ ու առողջ տեսք կունենան: Այս էկզոտիկ միրգը վերադարձնում է մազերի կորցրած փայլը եւ թույլ է տալիս մոռանալ չոր մաշկի մասին: Նրանում գրեթե չկա շաքար եւ ածխաջրեր, ճարպեր եւ խոլեստերին, փոխարենը հարուստ է վիտամիններով՝ A, B, C, E: Բարձր որակի պանիրը կալցիումի հիմնարար աղբյուր է, որն անհրաժեշտ է մեր ոսկորներին եւ ատամներին: Օգտագործելով օրական 100 գրամ պանիր՝ կունենաք նաեւ ամուր եղունգներ: Թթու կաղամբը մաշկի խնդիրները մոռանալու հրաշալի միջոց է:


Կաղամբը պարունակում է կաթնաթթու, օգնում է օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից եւ ամրապնդում է աղիները: Այս մթերքը եւս խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը գոնե մեկ անգամ: Եթե հասել եք ձեր երազած սահմանագծին եւ ունեք գեղեցիկ մազեր ու ամուր եղունգներ, ապա դրանք պետք է պահպանել, որի համար խորհուրդ են տալիս ուտել ոստրե: Այս մթերքը հագեցած է բոլոր ծովային հանքանյութերով: Այն կարող եք փոխարինել նաեւ ծովային կաղամբով:


Կիվին նույնպես 8 մթերքի շարքում է: Այս միրգը պարունակում է վիտամին C եւ բետակարոտին: Շաբաթը մի քանի անգամ նախաճաշին կերեք կիվի, որը նույնպես պահպանում է երիտասարդությունը եւ դեմքի գեղեցիկ գույնը:

 

 


Վրեժ Հովսեփյան