ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով, մարտի 11-ին, երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթ:


Վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ Հանդիպումից հետո, Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև համագործակցության գործնական ծրագրեր են ստորագրվել զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ: Հատկանշական է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել տնտեսության հենց այս ճյուղերի հետագա զարգացումն ապահովելու համար, քանի որ այս ոլորտները էական նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և համարվում են Հայաստանի համար հեռանկարային ոլորտներ:

Քուվեյթի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևորվում է ոչ միայն գյուղատնտեսական մթերքներ այդ երկիր արտահանելու, այլև գյուղատնտեսության մեջ ներդրումներ ապահովելու հարցում:
ՀՀ վարչապետի պաշտոնական այցը կարող է նպաստել ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, քանի որ Քուվեյթը' լինելով արդյունաբերական հարուստ երկիր, փորձում է ներդրումներ կատարել, արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ տրամադրել զարգացող երկրներին, որոնք իր համար հետագայում կապահովեն կայուն եկամուտներ:


Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, ինչպես նաև շուկայական համակարգի զարգացումը' կնպաստեն տնտեսության առաջխաղացմանը, ինչի արդյունքում կլուծվեն մի շարք կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը և նոր ու հասանելի շուկաների բացահայտումը:

 

 

 

Էրիկ Մելիքյան