Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի խորհրդի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը, ինչը նոր թափ կհաղորդի գործարար կապերի զարգացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները հեռանկարային են համարել արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Արդեն իսկ առկա է պայմանավորվածություն առաջիկայում ներկայացնել ներդրումային տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Քուվեյթի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Երկու կողմերն էլ բարձր են գնահատել երկրների տնտեսական ներուժը:
ՀՀ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է Քուվեյթի համար դառնալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու լավ հարթակ: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ներդրողի՝ ծրագրերը լավագույնս իրականացնելու համար:
Վաչագան Գևորգյան