Հայաստանը ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում երկարատև ճանապարհ է անցել' սկսած 2009թ-ից, երբ Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց Արեւելյան Գործընկերությունը' որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության առանձնահատուկ ձեւաչափ' հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արեւելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին' նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը:


Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ չի նախատեսում միանալ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին, քանի որ անդամակցում է այլ ինտեգրացիոն միավորի' ԵՏՄ-ին, նպատակ ունի ոչ միայն շարունակել ԵՄ-ի հետ իր հարաբերությունների զարգացումը, այլև խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:


Մասնավորապես մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովում նախատեսվում է, որ կհստակեցվի Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ձևաչափը: ԵՄ-ի տեսանկյունից Ռիգայի գագաթաժողովը նպատակ է ունի դասակարգել իր գործընկերներին՝ առաջնորդվելով ավելին ավելիի դիմաց սկզբունքով:


ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Նովակովսկին, անդրադառնալով 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին, նշել է, որ Հայաստանը, որը հիմա գտնվում է բանակցային փուլում, կհստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ և համագործակցության սահմանները:


«Պետք է ըմբռնումով մոտենանք, որ Հայաստանը կմիանա ասոցացման համաձայնագրի քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ այն անհամատեղելի է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այլ տնտեսական համակարգում է գտնվում և չի կարող ստորագրել ազատ և համապարփակ համաձայնագիրը: Իհարկե, սա Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումն է, ինչ որոշում էլ կայացնի, մենք ողջունելու ենք և աջակցելու ենք այն»,- ասել է Եժի Նովակովսկին:


Դեսպանի այս խոսքերից տեսանելի է դառնում, որ ԵՄ-ն հաշվի առնելով, որ Հայաստանը չի կարող միանալ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին, նախատեսում է Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի կողմից համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը:

 

 

Նարեկ Պողոսյան