Ինչպես գիտեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ: Բնականաբար Հայաստանում մարդիկ կգտնվեն, որ կսկսեն ելույթներ ունենալ առ այն, որ դա շատ կարևոր է և մեզ պետք է օր առաջ ազատվել ազգային դրամից:


Մինչ այդ մարդկանց ելույթները լսելը, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր հայկական դրամից, քանի որ ազգային դրամ ունենալու պարտադիր հանգամանքն ամրագրված է ՀՀ սահմանադրության 83.3 հոդվածում, որտեղ ամրագրված է, որ Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։
Բնական է, որ այդ մարդիկ կպնդեն թե կարող ենք փոփոխություն կատարել ՀՀ սահմանադրության մեջ և նշել, որ տնտեսական միությունում կարող ենք ունենալ միասնական արժույթ, բայց այստեղ երկրորդ անբեկանելի փաստարկը կա առ այն, որ հայկական դրամից չենք կարող հրաժարվել նաև այն պատճառով, որ Հայաստանի անկախության հռչակագրի 8-րդ կետում հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնում է սեփական դրամ:


Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ: Ավելի լավ է մտածել թե ինչպե՞ս անել, որ եղած դրամը իր իրական գինն ունենա, դառնա մեր քաղաքացիների համար խնայողությունները պահելու հուսալի ու վստահելի արժույթ և բանկերը հնարավորություն ունենան վերսկսելու իրենց բնականոն գործունեությունը ոչ թե արհեստական միջոցառումներ ձեռնարկելով ստեղծել անորոշ և անկանխատեսելի վիճակ' ինչը հարվածում է ողջ տնտեսությանը:

 

 

Էդմոն Մարուքյան