Վերջապես Եվրոպան, եվրոչինովնիկները սկսեցին դուրս գալ իրենց բյուրոկրատական կաղապարներից, ոչ ճկուն, ստանդարտ ու համահարթեցված մոտեցումներից:


Ուկրաինա էր պետք, զոհեր, զրկանքներ, կորուստներ, որպեսզի սրանց խելքին հասնե՞ր…


«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված' ԵՄ-ն սկսել է վերանայել իր հարևանության քաղաքականությունը»,- այս մասին օրերս հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Նա հայտարարել է, որ Արևելյան գործընկերությունն այսուհետ հիմնվելու է տարբերակված քաղաքականության վրա:
Վերջապես տեղ հասա՞վ…Բա ի՞նչ էիք ասում, դրել ու «տապոռած» նույն հարթությամբ «թրաշում» էիք բոլորին համահավասար սկզբունքներով: Ժամանակին, եթե Հայաստանի հարցը քննարկեիք մեզ հուզող պրոբլեմների, պատմական իրողությունների կոնտեքստում, հաշվի առնելով Ադրբեջանի, Թուրքիայի, մեր սահմանների անվտանգության խնդիրները, երաշխիքներ և համապատասխան օգնություն ցույց տայիք, ապա Հայաստանը չուզելով չէր «տրվի» Ռուսատանին, չէր մտնի ԵՏՄ-ի մեջ:


Չնայած հիմա էլ բարդ է, սակայն հնարավոր, ուստի հարկավոր է նստել և մշակել հանգուցալուծում: Մեր իշխանություններն էլ, հաշվի առնելով ներկայիս հակասական, բարդ իրավիճակը, պետք է առանց «զայրացնելու» Ռուսաստանին, շարունակեն բանակցությունները: Ռուսաստանը պետք է միշտ զգա, որ Հայաստանը այլ ընտրանք ունի' հանձինս Եվրամիության, և ցանկացած իրավիճակում չփորձի թելադրողի և տիրոջ կարգավիճակում զգալ իրեն:


Բարդ է, դժվար, բայց հնարավոր ու այլ ելք կարծես չունենք…


Մենք պետք է ոչ Ռուսատանին և ոչ էլ Եվրոպային «տրվենք», այլ պետք է կարողանանք պահպանել մեր պետության, մեր ժողովրդի, մեր ազգային շահերը և արժանապատիվ տեղը միջպետական բոլոր մակարդակներում և շփումներում:


Եվ պատահական չէ, որ առաջիկայում Երևանը բառիս բուն իմաստով հագեցած է լինելու եվրոմիջոցառումներով: Երևանում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերը: Այս միջոցառումների և դրանց շուրջ շփումների ընթացքում փորձելու են գտնել մի հարցի պատասխան. որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրկին փորձել սերտացնել և հաղթահարել ԵՏՄ-ին միանալուց հետո ստեղծված ճգնաժամը:


Հուսանք մի բան կստացվի ի վերջո…

 

 

Ռոբերտ Մելքոնյան