Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:

 

 

Մանե Զաքարյան