Ռուս–Ուկրաինական հակամարտությունը գնալով անկառավարելի է դառնում: Մինչդեռ, այս հարցը խաղաղ ճանապարհով չկարգավորելու դեպքում կարող է վերածվել համաշխարհային կոնֆլիկտի:

Ռուսաստանն, այսօր, գտնվում է բավականին բարդ իրավիճակում, իսկ Ուկրաինայի վիճակն էլ ավելի ծանր է: Մի շարք քաղաքագետների կարծիքով` Ուկրաինան հանուն խաղաղության պետք է ընդունի խաղի որոշակի կանոններ, ինչը ոչ միայն հրաժարվում է կատարել, այլև փորձում է վերազինել ու ավելի մարտունակ դարձնել իր բանակը` ցույց տալով, որ չի պատրաստվում զիջումների գնալ:

 

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշենկոն որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Ուկրաինան պատրաստվում է զենք ներկրել Արաբական Միացյալ Էմիրություններից: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Օբաման նկատել էր, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրի դրույթները, հավելելով, որ «նորմանդական քառյակի» հանդիպումից հետո բոլորը սպասում էին Ուկրաինայում կրակի դադարեցմանը, սակայն Լուգանսկի ուժերը չդադարեցրին կրակը: Օբաման հայտնել էր նաև, որ կշարունակի զինել Ուկրաինայի արևելքը: Երկար քննարկումներից հետո, Մերկելին հաջողվել էր Օբամայի հետ գալ ընդհանուր հայտարարի և այս փուլում չիրականացնել պաշտպանական մահաբեր զենքի մատակարարումներ` որոշակի տիրույթ տրամադրելով դիվանագիտական և քաղաքական դաշտին:

 

 

 

Կիևին ռազմական օգնություն տրամադրելու դեմ է հանդես եկել նաև եվրոպական երկրների մեծ մասը, այդ թվում` Ֆրանսիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Գերմանիան, Դանիան և Էստոնիան: Գերաշենկոյի հավաստմամբ Օբաման ու նրա խորհրդականները զգուշացում են ստացել Պուտինի կողմից, որ, եթե Ամերիկան Ուկրաինային զենք տրամադրի, ապա ռուսական զորքերը կհարձակվեն Կիևի վրա բոլոր ճանապարհներով:

ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի միջոցով փորձում է թուլացնել Ռուսաստանի դիրքերն ու նրան պահել պատերազմական իրավիճակում` փորձելով առանց զենքի ճնշումներ գործադրել, ինչը, կարծես թե, ստացվում է:

 

 

 

 

 

 

 

 

Էրիկ Մելիքյան