Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը, արձանագրելով, կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Այդ հանգամանքը նկատի ունենալով, կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը:
Նիստի ժամանակ նշվել է, որ կենտրոնի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ: Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Այս առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և լուծում տալ դրանց:
Անահիտ Գրիգորյան