Ընդդիմադիր ուժերի շրջանում, ինչպես երևում է, կարևոր տեղաշարժեր ու վերափոխումներ են տեղի ունենում, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվեն: ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած վերջին իրարանցման հետևանքով մի շարք մարդ-կուսակցություններ սկսել են հիասափված հայտարարություններ հնչեցնել, սակայն ավելի ազդեցիկ ընդդիմադիրները կրկին համագործակցելու եզրեր են փնտրում: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ կփորձեն ԲՀԿ-ի հետ համագործակցել' անգամ նոր ԲՀԿ-ի ձևավորվելուց հետո:


ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, այսօր ընդդիմությունը շատ մեծ անելիքներ ունի: Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք իսկապես կան ընդդիմության մեջ, և համախմբման միջոցով հասնել հաջողության:


Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում նշել է, որ իրենց նախկին համագործակցության ձևաչափը նախադեպ չի ունեցել, երբ չորս գործոններ' հասարակական աջակցություն, մարդկային ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսներ և կազմակերպչական հարցեր միավորվել էին: Ըստ Մարտիրոսյանի' հիմա առնվազն երկուսը' կազմակերպչականը և ֆինանսականը, չկան:


Այս ամենից հետո դժվար է ասել, թե որքան արդյունավետ կլինի ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, քանի որ նույն ԲՀԿ-ն, որն ամիսներ առաջ ուներ մի քանի անգամ ավելի շատ մարդկային և նյութական ռեսուրսներ, այսօր գտնվում է ճգնաժամային իրավիճակում, և հարց է առաջանում կունենա՞ արդյոք կուսակցությունն այն էֆեկտիվությունը, որն ունեցել է այդ ժամանակ: Պետք է նկատել նաև, որ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորների' կուսակցությունից հեռանալուց հետո, ընդդիմության դիրքերը բավականին թուլացել են նաև Խորհրդարանում, ինչը էլ ավելի կբարդացնի ընդդիմադիր ուժերի հետագա գործունեությունը' անկախ նրանից թե ինչ ձևաչափով և ծրագրերով նրանք հանդես կգան:


Մոտ ապագայում, ընդդիմադիր դաշտում դժվար թե տեսանելի փոփոխություններ լինեն, քանի որ վերջին շրջանում ընդդիմադիր ուժերին համախմբելու առաքելությունն ստանձնած «Բարգավաճ Հայաստան»-ից իր ներքին խնդիրները լուծելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Իսկ քանի դեռ առկա են ներքին կառուցվածքային ու կազմակերպչական հարցերը, բնական է, որ կառույցը չի կարողանա պատշաճ ուշադրություն դարձնել արտաքին հարաբերություններին:

 

 

Էրիկ Մելիքյան