Տոնի Պուրիմ անվանումը կապված է այն պատմական իրողության հետ, երբ Պարսից Արտաշես թագավորի համաձայնությամբ նրա թագավորության առաջին իշխան Համանը վիճակ է գցում իր տերության սահմաններում ապրող հրեա ազգին կոտորելու և որպես անհնազանդների ու ապստամբների՝ երկրի երեսից ոչնչացնելու համար։ Հրեաներին ոչնչանալու վտանգից փրկում է ազգությամբ հրեա Եսթերը, որ Պարսից թագուհին էր։



Ըստ ավանդույթի, այդ օրը հրեաները՝ ի հիշատակ իրենց փրկության, կազմակերպում են ուրախ և ճոխ խնջույքներ, միմյանց հետ նվերներ փոխանակում և աղքատներին առատ ողորմություն բաժանում։ Պուրիմի ժամանակ բոլորը հավաքվում են ժողովարանում և կարդում Եսթերի գիրքը։ Երբ հասնում են 9-րդ գլխի 7-9‐րդ համարներին, Համանի կախաղան հանված որդիների անունները պետք է կարդային մեկ շնչով և բարձրաձայն աղաղակելով։ Այս տոնի անբաժանելի մաս է կազմում նաև ուրախ դիմակահանդեսը, որի ժամանակ հաճախ բեմադրվում է Եսթերի պատմությունը։



Այս տոնը որոշակի առնչություն ունի նաև բազում ժողովուրդների մեջ տարածված և մեզ քաջ հայտնի Բարեկենդանի ու այդ առիթով կազմակերպվող դիմակահանդեսի հետ։ Ի դեպ այն ևս նշվում է հիմնականում մարտ ամսին՝ ազդարարելով գարնան գալուստը, և բնության զարթոնքը և ուղեկցվելով երկրագործական նոր տարին սկսելու նախապատրաստության ծիսական արարողակարգով։