Հայաստանում իր հզորությամբ երկրորդ քաղաքական ուժ հանդիսացող ԲՀԿ-ում ներկայումս տեղի են ունենում լուրջ գործընթացներ: Առաջին հայացքից ԲՀԿ-ականների կողմից կուսակցության շարքերը լքելը որևէ արտառոց իրադարձություն չէ, սակայն այն ունի խորն արմատներ, որոնք գալիս են դեռևս կուսակցության հիմնադրումից:


Նախ' ԲՀԿ-ն ձևավորվել էր կոնկրետ անձի' Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ, և որոշ մարդիկ ԲՀԿ էին մոտք գործել, քանի որ կար Ծառուկյանի միանձնյա իշխանությունը և ֆինանսավորումը: Մի քանի բիզնեսմեններ ԲՀԿ էին մուտք գործել իրենց բիզնեսի համար «կռիշ» ստեղծելու համար:


Կային նաև մարդիկ, ովքեր ԲՀԿ մտան քաղաքական կարիերա անելու համար: ԲՀԿ-ն' որպես այդպիսին չդարձավ համակարգային կուսակցություն, այլ մնաց որպես անձով պայմանավորված կուսակցություն:
Այդուհանդերձ, ԲՀԿ-ի կենսունակության պահպանման համար կարևորը ոչ այնքան Գ. Ծառուկյանի կողմից կուսակցության նախագահի լիազորություններից հրաժարվելն է, որքան որ կուսակցության տարածքային կառույցների գործունեության ապահովվումը, իսկ ԲՀԿ-ի տարածքային նկառույցների մի մասը կազմալուծված են, մի մասն էլ կազմալուծման փուլում են:


Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այն ինչը մարդկանց կարող էր բերել ԲՀԿ, այլևս չկա, որի հետևանքով էլ ԲՀԿ-ից կուսակցականները հեռանում են, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այն մարդը չէ, որ կարողանա մարդկանց միավորել:


ՀԳ. ԲՀԿ-ի քաղաքական շինությունը հիմնվում էր մեկ սյունի վրա, հիմա այդ սյունը չկա, իսկ կառույցը քանդվում է: Մնում է միայն նորը կառուցել:

 

 

Նարեկ Պողոսյան