Ակնեի առաջացումից և մաշկային այլ բորբոքումներից կարող է պաշտպանել աղի դիետան: Այս մասին հայտնում են Ռեգենսբուրգի համալսարանի գերմանացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղը մաշկի կառուցվածքում բարձրացնում է նատրիի քանակությունը ու ակտիվացնում է իմունային բջիջները, որոնք պատասխանատու են բակտերիաների դեմ պայքարի համար: 

Իրենց եզրակացությունը գիտնականները հաստատել են մկների վրա կատարված փորձով: Նրանք մկներին կերակրել են աղի մեծ քանակությամբ, և մի քանի շաբաթվա կտրվածքով նկատել են, որ այն մկների խումբը, որոնց տրվել է աղի դիետա ավելի արդյունավետ են պայքարում ինֆեկցիաների դեմ:



«Մենք գիտենք ու տեղյակ ենք, որ աղը կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ, ինչպես նաև խթանել աուտոիմունային հիվանդություններ, սակայն այս տարրի օգտակարությունը պետք չէ կտրականապես մերժել: Մեր փորձերը ցույց տվեցին, որ այն մեծ հաջողությամբ պայքարում է բազմաթիվ ինֆեկցիաների դեմ, այդ թվում մաշկային: Մենք նույնիսկ կասկածներ ունենք, որ մեր նախնիները հենց աղի միջոցով են պայքարել բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում»,-ասում է հետազոտության հեղինակներից պրոֆեսոր Ջոնաթան Յանչը:

Բացի այդ գերմանացի գիտնականները նշում են, որ աղում պարունակող նատրին ավելի է ամրապնդում հատկապես մաշկի այն հատվածները, որոնք բորբոքված կամ վնասված չեն: Վնասված հատվածներում սկսում է գործել ինչպես հակաբիոտիկը: Գիտնականները նաև հարցումներ են իրականացրել դեռահասների շրջանում: Հարցերը եղել են անուղղակի: Նրանք պարզապես հարցրել են, թե արդյոք տվյալ դեռահասը աղ շատ է օգտագործում, թե ոչ: Այնուհետև ճշտել արդյոք ունի մաշկային խնդիրներ և եթե այո, ինչ տարածվածությամբ ու պարբերականությամբ



Հարցումները ցույց են տվել, որ հիմնականում այն դեռահասները, որոնք համեմատաբար շատ են աղ գործածում մաշկային ավելի քիչ խնդիրներ են ունեցել:

Ռեգենսբուրգի գիտնականները նշում են, որ իրենք շարունակելու են իրենց հետազոտությունները այս ուղղությամբ և առաջիկայում պատրաստվում են փորձարկումներ իրականացնել նաև մարդկանց վրա:

Նշենք, սակայն, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում օրը 3 գրամից ավելի աղ չօգտագործել: Առհասարակ մասնագետների ու գիտնականների շրջանում կարծիք կա, որ աղը սպիտակ թույն է, որը մի շարք հիվանդությունների պատճառ է դառնում:

Նույն կարծիքին է նաև հայազգի միլիոնատեր ABBYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանը, որը մի ամբողջ գիրք է նվիրել այս թեմային և աղը անվանել է 4 մահացու մթերքներից մեկը: