ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր լուծումը դեռևս չի կարող նշանակել ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերություններում սառույցի հալեցում: Դա հավասարազոր է սառը ցնցուղի գործած ազդեցության ԻԻՀ քաղաքական-հասարակական այն շրջանակների համար, որոնք միջուկային հիմնախնդրի լուծման պահանջը մշտապես դիտարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման հայեցակետից:

 


Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ից հնչած վերոնշյալ հայտարարությունը միտված է փարատելու հակաիրանական տրամադրվածության արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Իսրայելի և Թուրքիայի մտահոգություններն առ այն, որ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտից հետո ԻԻՀ-ԱՄՆ դաշինքը տարածաշրջանում կդառնա ազդեցիկ գործոն:

 


Մյուս կողմից, կարող են նվազել իրանական կառավարության նկատմամբ գործադրվող այն ներքին ճնշումները, որոնց խնդիրն է կարգավորված տեսնելու ԻԻՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները: Մինչ այժմ այդ ճնշումներն էապես ազդել են կառավարության գործողությունների վրա՝ «պարտադրելով» վերջինիս միջուկային հիմնախնդրի լուծման համատեքստում հանդես գալու կառուցողական դիրքերից:

 

 

Ռուդիկ Յարալյան