Օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել մի առաջարկ-նախաձեռնությամբ, համաձայն որի, նա առաջարկում է Գյումրի քաղաքին տալ հատուկ համայնքային կարգավիճակ' արտոնյալ առանձնահատկություններով: Քաղաքապետի հիմնական հիմնավորումներն այն է, որ Գյումրու համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել անգամ ամենատարրական խնդիրները, միաժամանակ ընդգծվում է, որ պետք է յուրահատուկ մշակութային կոլորիտ ունեցող այս քաղաքը փրկել, քանի դեռ այն չի անցել պատմության գիրկը: Հիմնական շրջանառվող հիմնավորումերի թվում է նաև, որ Գյումրին' այն ժամանակ դեռևս Ալեքսանդրապոլը, մինչև 20-ական թվականները եղել է Հայաստանի թիվ մեկ քաղաքը, երբ անգամ Երևանը չուներ մեծ քաղաքի կարգավիճակ:


Բնականաբար Գյումրուն, որպես աղետի գոտում գտնվող և երկրաշարժից տուժած քաղաք, հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձվի, միաժամանակ հարկ է նշել, որ լավ թե վատ Գյումրուն միշտ ուշադրություն դարձվել է, համենայնդեպս, ահագին գումար դրվել է բնակարանաշինության վրա:


Իսկ ահա Բալասանյանի նման հայտարարությունը ստեղծված իրավիճակում առաջացնում է անհավասարության մթնոլորտ: Առաջինն այն առումով, որ ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսական պայմանների հետ կապված յուրաքանչյուր համայնք ունի իր ներքին խնդիրները: Նույն հաջողությամբ կարող էին նման նախաձեռնությամբ հանդես գան ասենք Կապանի կամ Գորիսի քաղաքապետները, քանզի այդ քաղաքաները 90-ականներին եղել են հակառակորդի գնդակոծության տակ և բավականին տուժել են, այդ շարքը կարելի է երկարացնել և հատուկ կարգավիճակով օժտել ՀՀ շուրջ 15 քաղաքաների, որն ըստ էության, պետության համար լուրջ մարտահրավեր է:


Հարկավոր է նշել, որ ներկայումս Գյումրիում տնակային պայմաններում ապրում է մոտավորապես 400 մարդ, ովքեր կամ ժամանակին դուրս են մնացել բնակարանաբաշխման ցուցակներից, կամ ուղղակի Գյումրիում վերաբնակեցված մարդիկ են: Հիշեցնենք, որ Գյումրիում առկա տնակային այս պայմաններում իր ուրույն «դերակատարումն» ունի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բնակիչներին նոր բնակարան հատկացնելուն զուգահեռ, շատ կազմակերպված վաճառում էր նրանց, արդեն, նախկին տնակները' վաստակելով միլիոններ:


Անդրադառնալով Բալասանյանի խորամանկ քաղաքականությանը' նշենք, որ իր այս քայլով նա միանշանակ պատրաստվում է հաջորդ տարվա քաղաքապետի ընտրություններին' իր համար հաստատուն հող ստեղծելով, և նման նախաձեռնության հաջողությամբ պսակվելու դեպքում իր համար ապահովում քաղաքապետի վերընտրված պաշտոնը:


Փաստորեն «գարեջրի արքան» մտադիր է ևս մի որոշակի ժամանակահատված իշխել իր հայրենի «ոստանում»: Սակայն արժե հիշել, որ տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունների ժամանակ նա իրեն հեռու էր պահում դեպքերի էպիկենտրոնից և փորձում իրավիճակում դուրս գալ մինիմում լոյալ դիրքերից' գլխավորը չանվանարկված:


Ամփոփելով փաստենք. Բալասանյանի քաղաքական ուղուն նայելով կարող ենք եզրակացնել, որ հանուն իր բիզնեսների ու «քաղաքական կարիերայի» նա պատրաստ է գնալ ամեն քայլի' չմոռանանք 2007 թվականի նրա հայտնի «պատմական թռիչքը» ՕԵԿ-ից դեպի ԲՀԿ: Այնպես, որ շատ մոտ ապագայում Բալասանյանի կյանքում հնարավոր է լինեն «քաղաքական նոր ցունամիներ»:

 

 

Նարե Սարգսյան