Մարտի 4-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին:
Նախագահը ողջունեց դեսպան Փոլադյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեի և այլ պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ նիստը' դեսպանի, նրան ուղեկցող պատվիրակության և Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և հաշտեցման հանձնաժողովների անդամների մասնակցությամբ' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարևոր հանգամանք ընդգծեց այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր' 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում:
Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջև Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես եկավ Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը:
Լսումների ընթացքում ելույթ ունեցան Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտեցին իրենց համերաշխությունը հայ ժողովրդին' մեկ անգամ ևս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում:
Սասուն Հովհաննիսյան