Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը բնաջնջած Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջի մերժումը, փաստորեն, կնշանակի, որ Հայաստանի տարածքում գերակա իրավական ուժ ունի Ռուսաստանի սահմանադրությունը: Ըստ էության, այնպես է ստացվում, որ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործություն կատարած Ռուսաստանի քաղաքացին կարող է խուսափել ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվությունից, եթե հասցնի իրեն գցել ռուս սահմանապահների ձեռքը կամ Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի օբյեկտներից որևէ մեկը՝ ռուս հրամանատարներն իրավունք չունեն իրենց համաքաղաքացիներին հանձնել այլ երկրների իրավապահներին:

 

 

Առավել ևս, եթե այդ այլ երկրի իրավապահներն ամենևին էլ ջանք չեն գործադրում իրենց պետության տարածքում իրենց համաքաղաքացիների դաժան սպանությունը կատարած հանցագործին պատասխանատվության կանչել սեփական օրենսդրության դրույթներին համապատասխան: Ենթադրություններ են արվում, որ հայ իրավապահներն հենց իրենք են հանձնել Պերմյակովին ռուս զինվորականներին՝ միջպետական հարաբերություններում ինչ-ինչ գլխացավանքներից ազատվելու համար: Իրականում՝ հարցի այսպիսի լուծումն առաջիկայում երկկողմ հարաբերությունների համատեքստում մեծագույն գլխացավանքն է դառնալու :

 

 

Արման Մելիքյան