ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումներին ուշագրավ զեկույցով է հանդես եկել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջ. Քլապերը: Ըստ նրա' 2014 թվականը դիտվել է որպես վերջին 50 տարիներին միջազգային ահաբեկչության պատճառով ամենաշատ զոհերը գրանցած տարի: 2013 թ. իրականացված 11.5 հազար ահաբեկչական հարձակումներին զոհ է գնացել 22 հազար մարդ, իսկ 2014 թ. առաջին 9 ամիսներին իրականացվել է 13 հազար ահաբեկչական գործողություն, որի հետևանքով սպանվել է 31 հազար մարդ: Հարձակումների ու ահաբեկչությունների գրեթե կեսը տեղի է ունեցել Իրաքում, Պակիստանում և Աֆղանստանում: Իսկ «Իսլամական պետությունը» ամենաշատ ահաբեկչություններ իրականացրած ահաբեկչական խմբավորումն է վերջին շրջանում:
Ի դեպ, «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի սերտ համագործակցության հարցում նա հայտնել է իր վատատեսությունը և փաստել, որ Թուրքիան այլ առաջնահերթություններ ու շահեր ունի, իսկ այդ հարցում համագործակցությունը լավատեսություն չի ներշնչում: Նա նաև փաստել է վերջին շրջանում Իրանի ռազմաքաղաքական դերակատարության ու ազդեցության աճի մասին տարածաշրջանում:
Լևոն Հովսեփյան