Ներկայումս երիտասարդներիս մեծ մասը մտածում է, որ կարելի է ընդունվել ԲՈՒՀ, հնարավորինս լավ սովորել և հետո ընդունվել աշխատանքի, կամ մնալ գործազուրկ, բողոքելով աշխատատեղեր չլինելուց, ծանոթ չունենաուց և այլն, իսկ վատագույն դեպքում գնալ երկրից, եթե կա նման հնարավորություն:
Սա դոգմատիկ մտածելակերպ է, որը նստած է բոլորիս ուղեղներում, քանի որ մարդկանց մեծամասնությունը կյանքի ընթացքում շատ քիչ ժամանակ է հատկացնում մտածելու համար և հիմնականում կատարում է ինչ-որ մեկի կողմից վաղուց մտածված ստանդարտ գործողություններ:
Դա ունի իր դրական կողմը: Քանզի, եթե բոլորս շատ ժամանակ ծախսենք նոր բան մտածելու վրա, չի լինի մարդ, ով կիրականացնի այդ գաղափարները, իսկ պատմության մեջ չեն առանձնանա մարդիկ, ովքեր կյանքը նվիրում են մտածելուն և նորարությանը:
Սակայն ժամանակները փոխվում են և այժմ միայն մտածելը դեռ բավական չէ պատմություն կերտելու համար, պետք է նաև ունենալ համապատասխան գիտելիքներ, հմտություններ և սեփական անձի վրա աշխատելու ու անընդհատ ինքնակատարելագործվելու անհագուրդ ցանկություն:
Հրանտ Զիրոյան