Այսօր Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին հայտարարությունները վկայում են, որ թուրք գլխավոր դիվանագետը լավ չի տիրապետում իր ոլորտին ու չի էլ ըմբռնել արձանագրությունների էությունը։ «Ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում. Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»,- ասել է Չավուշօղլուն։ Փաստորեն, Թուրքիան այդպես էլ չի հասկացել, որ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են առանց նախապայմանների բանակցություններ։ Իսկ եթե հերթը հասնի նախապայմաններին, ապա նախապայմաններ առաջին հերթին պետք է ներկայացնենք մենք և ոչ թե իրենք։
ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն շատ լավ պետք է իմանա, որ Եվրամիությանն ադամակցելու թուրքական երազանքն իրականացնելու համար պետք է կատարեն մի շարք պահանջներ։ Արդեն մի քանի տասնամյակ Եվրոպայի դռները թակող Թուրքիան պետք է հարթի իր խնդիրները հարևանների հետ։ Այդ թվում նաև հարթի ՀՀ-ի հետ ունեցած հարցերը՝ Հայաստանի հետ փակ սահմաններ, Հայոց ցեղասպանություն։
Ստացվում է, որ ամբողջ աշխարհը Թուրքիային է նախապայմաններ ներկայացնում, Թուրքիան, չգիտես ինչու, որոշել է մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով։
Կարեն Ավագյան