Վերջին օրերին անսպասելիորեն լուրջ ցնցումներ են արձանագրվել հարևան Վրաստանի և Ադրբեջանի արտարժույթի շուկայում, ինչի արդյունքում զգալիորեն արժեզրկվել են վրացական լարին և ադրբեջանական մանաթը:


Եթե նախորդ տարեվերջին Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը հպարտորեն հայտարարում էր, որ իրենց երկրի տնտեսությունը կայուն հիմքերի վրա է, և տարածաշրջանում ու հատկապես հարևան երկրներում դիտվող արտարժույթի արժևորման դրսևորումներն Ադրբեջանին չեն սպառնում՝ այդ երկրի իշխանությունների վարած ճիշտ քաղաքականությամբ և առկա մեծ ռեսուրսների շնորհիվ, ապա այժմ Ալիև կրտսերը ստիպված է գլուխը կախել իր անհիմն կանխատեսումների և սուտ խոստումների պատճառով:
Վերջինս ստիպված է բացատրել իր երկրի քաղաքացիներին, թե ինչպես եղավ, որ ընդամենը մեկ ու կես ամիս անց նման լուրջ և կայուն ֆինանսատնտեսական ռեսուրսներին տիրապետող երկիրը ակնթարթորեն հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, և թե ինչպես կարող էր մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական մանաթը արժեզրկվել գրեթե 35%-ով:


Վրաստանում նույնպես իրավիճակը բարդ է և անկանխատեսելի: Վերջին օրերին լարին արժեզրկվել է ավելի քան 20%-ով, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ապրանքների գների և ըստ այդմ սպառողների գնողունակության վրա: Ընդհանուր առմամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում Վրաստանի ազգային արժույթը նակինի համեմատությամբ արժեզրկվել է շուրջ 40%-ով:


Թե՛ վրացի, և թե՛ ադրբեջանցի պաշտոնյաները ստեղծված իրավիճակը պայմանավորում են արտաքին գործոնների ազդեցությամբ: Նույն ժամանակ վերջիններս դժվարանանում են պատասխանել՝ որքան ժամանակ կպահանջվի իրավիճակը կայունացնելու համար, որպեսզի ցնցումների արդյունքում առաջացած հնարավոր բացասական հետևանքները կործանարար ազդեցություն չունենան այդ երկրների տնտեսության վրա:


Մասնավորապես Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք կշարունակվի լարիի արժեզրկման ընթացքը, թե՝ ոչ: Վերջինս նշել է, որ կանխատեսումներ դժվարանում է անել, սակայն, նրա հավաստմամբ, ոլորտի պատասխանատուների բոլոր ջանքերն ուղղված են իրավիճակի կայունացմանը:

 

 

Ալիկ Էրոյանց