Մարդիկ (ես նկատի չունեմ հաստափոր դատարկագլուխներին, ովքեր ոչ թե ուտում են, որ ապրեն, այլ ապրում են, որ ուտեն) ապրում են ինֆորմացիայով: Պատկերացրեք' ինչքան արագ կարելի է խելագարվել, երբ մի քանի օր շարունակ մարդու ուղեղը որևէ ինֆորմացիա չստանա: Հարցն առավել, քան լրջանում է, երբ խոսքը վերաբերում է մեր կյանքի կազմակերպման ու մեզ ղեկավարելու հարցերին: Պարզվում է, սակայն, որ հայերս հազվագյուտ դիմացկուն ազգ ենք, քանզի այսքան տարի թաքուն ղեկավարվում, բայց դեռ (լրիվ) չենք խելագարվում...


Մեր չինովնիկներին ու մյուս առաջավորներին էլ' Աստված տվել, չի խնայել. բոլորը պարտիզաններ են, մեկը մյուսից խորամանկ ու հնարամիտ...


Կուսակցությունը հավաք է հրավիրում, թաքցնում է օրակարգը, նախարարը գաղտնի է պահում կայանալիք խորհրդակցության նյութը, Կառավարությունը լռում է անելիքների մասին, Ազգային ժողովի խմբակցությունները թաքցնոմ են քվեարկվելիք նախագծերի նկատմամբ խմբակցության դիրքորոշումը... Մի խոսքով, բոլորը թաքցնում են: Ոչ ոք իր պարտքը չի համարում ժողովրդին ճիշտ իրազեկել նրա գլխի գալիքի մասին...


Ահա, թե ինչու է Հաաստանում ծաղկում գուշակությունը...


Դե ինչ, ես էլ գնամ, գուշակեմ, թե ինչ է լինելու միակուսակցական քաղաքական համակարգի ու կործանվող ազգի վերջը, եթե, իհարկե, արդեն ամեն ինչ վերջացած, իսկ գուշակությունն էլ' ուշացած չէ...

 

 

Գևորգ Պետրոսյան