Ալկոհոլը ավելի վտանգավոր է, քան հերոինը, կոկաինը, մետաֆենտամինը, ծխախոտը և մի շարք այլ թմրամիջոցներ: Այսպիսի եզրակացության է եկել հոգեբույժ և ֆարմոկոլոգ Դեվիդ Նատտանը, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է թմրանյութերի ուսումնասիրությանը և դրա ազդեցությանը օրգանիզմի վրա:
Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ալկոհոլը հասանելի է, հիմնականում օրինական և էժան: Հենց այդ պատճառով այն ավելի շատ են օգտագործում մարդիկ, ինչի արդյունքում ազդեցությունը (օգտագործման ծավալի և ազդեցության համամասնության պարագայում) թերագնահատվում է:
Ամերիկյան վիճակագրության ինստիտուտի տվյալով, 18-ից բարձր անձանց շրջանում 87 տոկոսը օգտագործում է ալկոհոլ, 71 տոկոսը այն օգտագործել է ընթացիկ տարում, 56 տոկոսը վերջին ամսվա ընթացքում:
Դեվիդ Նատտանի կարծիքով, թմրանյութերի ազդեցությանը ավելի մեծ ուշադրություն կա, քան ալկոհոլի նկատմամբ, դա է պատճառը, որ մարդիկ ալկոհոլի օգտագործման վնասների մասին նույնքան պատկերացում չունեն: Նա հասարակ օրինակ է բերում.
«Մենք գրեթե ամեն օր թերթերում, ինտերնետում կարդում կամ հեռուստատեսությամբ դիտում ենք ռեպորտաժներ, թե ինչպես է թմրանյութի ազդեցության տակ որևէ մեկը հանցագործություն կատարել, սակայն թե որքան շատ են ալկոհոլի ազդեցությամբ կատարված հանցագործությունները մենք չգիտենք և դրա պատճառը շատ պարզ է, քանի որ թմրանյութերը պետությունների մեծ մասում արգելված են և դա կարծես կրկնակի հանցագործություն է դառնում և գրավում է լրատվամիջոցների ուշադրությունը, իսկ ալկոհոլի դեպքում դա դիտարկվում է որպես երկրորդական երևույթ, քանի որ ալկոհոլը արգելված չէ և նույնիսկ գովազդվում է»,-բացատրում է Դեվիդ Նատտանը:
Ինչպես է ալկոհոլը ազդում մարդու օրգանիզմի վրա
Խմած ալկոհոլի մոտ 20 տոկոսը ներծծում է ստամոքսը, մնացյալ 80 տոկոսը գնում է բարակ աղիներ, այնուհետև անցնում է արյուն ու շրջապտույտ կատարում ամբողջ օրգանիզմով: Այն ինչ չի մարսում ստամոքսը ու օրգանիզմից չի հեռանում բարակ աղիների միջոցով սկսում է «մշակել» լյարդը: Հենց այդ պատճառով էլ լյարդը ամենից շատ վնասն է կրում և առաջին հարվածը ստանում:
ԼՅԱՐԴ
- Ալկոհոլը օրգանիզմից դուրս բերելու գործում լյարդը ամենամեծ դերակատարությունն ունի ու այդ ընթացքում չի բացառվում, որ վնասվեն լյարդի բջիջները, ինչի արդյունքում էլ առաջանում են բորբոքումներն ու հետագա բարդություններ
- Ալկոհոլում պարունակվող տոկսինները հաճախ վնասում են աղիները, ինչի հետևանքով արդեն աղիներից բակտերիաները տեղափոխվում են լյարդ ու սկսվում է բորբոքային պրոցես
ՈՒՂԵՂ
Խոսելու դժվարություն, հավասարակշռությունը պահելու խնդիրներ, հիշողության կորուստ: Սրանք բոլորը արբեցման նշաններ են: Արբեցման արդյունքում դանդաղում են ուղեղի ռեֆլեկտորները, թուլանում է մարդու ռեակցիան:
Սա նեյրոմեդիատորների աշխատանքի շեղում է, երբ ուղեղը համապատասխան իմպուլսներ չի կարողանում ուղարկել մկաններին: Պարբերական ու չափից շատ ալկոհոլ օգտագործելու դեպքում նեյրոմեդիատորները հետզհետե թուլանում են, կորցնում են իրենց իմպուլսներ ուղարկելու արագությունը և արդյունքում դուք կարծես անընդհատ արբած լինեք: հնարավոր են հիշողության երկարաժամկետ ու կայծակնային կորուստներ, ուղեղի աշխատանքի արդյունավետության անկում և ռեակցիայի թուլացում:
Ինչպես նվազեցնել ալկոհոլի բացասական ազդեցությունը
- Շատ ջուր խմեք: Ալկոհոլը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից, միաժամանակ նաև ինքնաչեզոքացվում է
- Շատ կերեք: Երբ ստամոքսը լիքն է աբսորբացիայի գործընթացը ավելի դանդաղ է ընթանում և ժամանակ է տալիս օրգանիզմին, որպեսզի այն հետզհետե դուրս հանի ալկոհոլը օրգանիզմից
- Մի խմեք գազավորված ըմպելիքներ, այն նպաստում է ալկոհոլի ազդեցության արագացման պրոցեսին
- Մի խառնեք տարբեր խմիչքներ առնվազն մեկ ժամա կտրվածքում