Թե ինչպես են փետրվարի 22-ի գիշերը թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները (ըստ պաշտոնական տվյալների' 39 տանկերի, 57 զրահամեքենաների և 572 զինվորականների մասնակցությամբ) Սիրիայի տարածքում իրականացված հատուկ գործողության արդյունքում դուրս բերել Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի՝ Սուլեյման շահի մասունքներն ու դամբարանը հսկող 40 հոգանոց պահակախումբը:
Իրականացված հատուկ գործողության առնչությամբ առնվազն երկու խնդրահարույց հարցադրում է առաջանում, որոնք թույլ են տալիս որոշ տրամաբանական եզրահանգումներ կատարել:
Նախ այն, որ գործողությունն իրականացվել է քրդերի հետ կոորդինացմամբ: Թուրքական ստորաբաժանումները Քարա Քոզակ են հասել շուրջ 5 ամիս քրդերի և իսլամականների միջև տեղի ունեցած կատաղի մարտերի արդյունքում քրդական զորամիավորումների կողմից ազատագրված Քոբանիի տարածքով: Ի դեպ, այդ մարտերի ընթացքում Թուրիքան ոչ միայն ուղղակիորեն չէր օժանդակում քրդերին, այլև՝ արհեստական խոչընդոտներ էր ստեղծում քրդերին ուղղված ռազմական աջակցության տրամադրման հարցում: Փաստորեն, Սիրիայի քրդերի (գուցե Իրաքի քրդերի միջնորդությամբ) և Սիրիայում քրդերի ինքնորոշմանն ամեն կերպ ընդդիմացող Թուրքիայի միջև առկա է ոչ միայն երկխոսություն, այլև՝ համագործակցություն:
Եվ երկրորդ՝ հատուկ գործողությունն ընթացել է գրեթե անկորուստ: Թուրքական կողմը հայտարարում է ընդամենը մեկ զինվորի մահվան մասին (հնարավոր է՝ դա ընդամենը հայտարարություն է), մինչդեռ կցված քարտեզում էլ պարզ երևում է, որ շրջանն ամբողջությամբ գտնվում էր «Իսլամական պետության» վերահսկողության ներքո, և դժվար է հավատալ, որ իրենց ռազմատենչությամբ ու մարտական հմտությամբ մշտապես հայտնի իսլամականներն այդքան հեշտությամբ կարող էին նահանջել:
Անհերքելի է, որ ինչպես վերոնշյալն, այնպես էլ դեռևս 2014թ. սեպտեմբերին ԻՊ-ի գերությունից Մուսուլի թուրքական հյուպատոսության աշխատակազմի անարյուն ազատման գործողությունը վկայում են նաև իսլամականների և Թուրքիայի միջև առկա համագործակցության մասին:
Արմեն Պետրոսյան