Իմ պապը' Թոռնիկ Սարգսի Դամիրյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան էր

 

Մինչ նրա մահը' պապիս շքանշանները մեր մեծ տան պահարաններից մեկում նույնիսկ չէին պահվում: Ամենամեծ ննջասենյակի փայտե հատակից մի փոքրիկ դուռ էր բացվում դեպի տան ներքնահարկ-պահոց, որտեղ տատիս «շատ կարեւոր իրերն էին»: Երբ պահոցի դուռը բացվում էր, ես' 5-6-ամյա աղջնակս, անմիջապես գլուխս կախում էի ներքեւ' անզուսպ հետաքրքրությամբ, թե ինչ կա այնտեղ: Մի անգամ,երբ Հասմիկ տատս նորից ինչ-որ բան ուներ այնտեղից վերցնելու, խնդրեցի, որ ինձ էլ թողնի իր հետ իջնել: Կարճ մտածելուց հետո նա կարծես կողմնորոշվեց ու համաձայնեց: Ոչ բարեշեն փայտե աստիճաններով օգնելով իջնել' տատս ինձ տարավ մի անկյունում դրված մուգ կարմիր վիլյուրե պարկի մոտ, զգուշորեն բացեց այն ու միջից հանեց մեծ ու փոքր երկու աստղ ու մի հատ էլ Լենինի գլխով կարմիր շքանշան: «Սրանք պապիդ մեդալներն են, Լիլո ջան, պապդ մեծ մարդ է, բայց չի սիրում ոչինչ ցուցադրել, իր անձով հպարտանալ: Իսկ ես ուզում եմ' դու այդ մասին շուտ իմանաս, որ էլ չարություն չանես, շուտով դպրոց ես գնալու»,- ասաց նա:


Ես ձեռքս վերցրի պապիս շքանշանները ու հիշեցի մեր մուգ դարչնագույն լուսանկարների ալբոմում տեղ գտած Թոռնիկ պապիս այս միակ' մեդալներով լուսանկարը:


Մեկ թե երկու տարի անց արդեն դպրոցական էի: Պապս ինձ ընդունել էր թիվ 91 դպրոց, որտեղ ինքը ուսմասվար էր ու ֆիզիկայի ուսուցիչ:


Ամեն առավոտ մայրս օգնում էր ինձ կոկիկ հագնվել ու հարդարվել, որից հետո հանձնում էր տատիս ու պապիս: Տատս առանձնահատուկ խնամքով սեղան էր պատրաստում իմ ու պապիս համար: Մենք հաց էինք ուտում, որից հետո տատս վերցնում էր պայուսակս ու մինչեւ դարպասները ճանապարհում մեզ: Դարպասների մոտ պայուսակս հանձնում էր պապիս ու մենք դանդաղ, անշտապ քայլերով կտրում-անցնում էինք այն երկար ու նեղ փողոցը, որը մեզ հասցնում էր դպրոցին: Պապս ամուր բռնում էր ձեռքս ու քայլում գլուխը բարձր, իսկ ես' ապահով երջանկության զգացումով:


Դպրոց գնալու' արարողակարգային դարձած քայլերի այս հաջորդականությանն իրենց նվիրումն էին բերում տատս ու մայրս: Հիմա եմ հիշում նրանց անհանգիստ հեւքը' թոռնիկին կազմ ու պատրաստ, մաքրությունից պսպղացող հագուստով պապիս հանձնելու պատասխանատվությունը: Նրանցից ամեն մեկն անում էր առավելագույնը' պապիս քաղցր հայացքին արժանանալու համար:


Ինչ ցավ, որ կախարդական այդ ժամանակահատվածն իմ կյանքում տեւեց մեկ տարի: Մեկ տարի անց պապս ծանր հիվանդացավ ու մերոնք բոլորը' ինձանից թաքուն, տեսան պապիս մահը:


Ես առաջին անգամ նրա մահը գիտակցեցի, երբ եկող Նոր տարվա հունվարի 1-ի առավոտյան պապիս' Հրաչ, Լադիկ ու Ժորա եղբայրները եկան մեր տուն, իսկ պապս
«նորից» տանը չէր, եւ այս անգամ ինձ ոտքի վրա նստեցրեց եւ արտասանել հանձնարարեց Հրաչ պապը: Վերջին բառիս ավարտին բոլորը ծափահարեցին ու ասացին. «Ապրես, Լիլչուկ ջան, իսկական Թոռնիկի թոռն ես»: Սեւազգեստ տատիս, մորս ու հորաքույներիս դեմքը լուսավորվեց արցունքոտ ժպիտով, որ մեկ էլ պիտի տեսնեի Առնո Բաբաջանյան համերգասրահում:


Պապիս մեծարման երեկոն էր, որ վարում էր ինչ-որ հայտնի հաղորդավար ու հնչեղ ձայնով ամրագրում. «Թոռնիկ Դամիրյանը հաստոցային նշանառու էր: 1943թ. ապրիլ-մայիս ամիսներին նրանց զորամասերի առջեւ խնդիր դրվեց ազատագրել Կոլա թերակղզու հյուսիսային մասը, դուրս գալ Ֆինլանդիա-Նորվեգիա սահմանը, ազատագրել Պեչենգա նավահանգիստը: Այդ մարտերում անխափան էր գործում Թ.Դամիրյանի «մաքսիմ» գնդացիրը: Պերսամ գետն անցնելու ժամանակ նա վիրավորվում է ձախ ոտքից: Երկու ամիս հոսպիտալներում բուժվելուց հետո նորից մեկնում է' այս անգամ նոր կազմավորվող 19-րդ բանակ (2-րդ բելառուսական ռազմաճակատ), որտեղ ցուցաբերած արիության եւ խիզախության համար Թոռնիկ Դամիրյանը պարգեւատրվում է 1-ին եւ 2-րդ աստիճանի եւ Կարմիր շքանշաններով ու բազում այլ մեդալներով:


Մեծ Հայրենականի ավարտից հետո Թ.Դամիրյանը զորացրվում է եւ թիվ 93, 31 եւ 91 դպրոցներում դասավանում ֆիզիկա ու մաթեմատիկա: Իր եռանդուն եւ անբասիր աշխատանքի համար պարգեւատրվում է «Պատվո նշան» շքանշանով, մեդալներով, պատվոգրերով…»:

 


Ծափեր, ծափեր… եւ ահա բեմ է դուրս գալիս Լուսինե Զաքարյանը, նրա անզուգական ձայնի երեւէջները կախարդում են հանդիսատեսին:


Մեկ օր անց Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրով պիտի տեսնեի կադրեր' պապիս պատվին կազմակերպված հուշերեկոյից եւ ալ կարմիր հաստ թղթով երիզված այն ցուցապաստառները, որտեղ պապիս մահից հետո նրա որդիներն ազատորեն ներկայացրել էին իրենց հոր' Հայրենական Մեծ պատերազմի վետերանի պարգեւները, նվաճումների ողջ պատմությունը: Այդ փոքրիկ ռեպորտաժում ես պետք է փնտրեի մեզ բոլորիս, որ նստած էինք դահլիճում, բայց պիտի տեսնեի միայն նրանց, ովքեր բեմում էին ու իրենց խոսքային, կատարողական արվեստն էին ներդնում պապիս հերոսական կյանքի պատմությունը հանդիսատեսին հասցնելու գործում:


Ամիսներ անց, անսահման երկար թվացող շրջագայությունից եւ տարբեր սրահներում ներկայացվելուց հետո ալ կարիր եզրերով ցուցապաստառները վերադարձան տուն եւ իրենց տեղը զբաղեցրին պապից ձեռքով շինված տան պատին, որ հիմա նրա կրտսեր որդու' Սարգիս Դամիրյանի սեփականությունն է եւ աճում ու մեծանում է' համաձայն պապիս պատգամի. «Տղա’ ջան, եթե չկարողանաս քարի վրա քար ավելացնել, գոնե պահպանիր այն, ինչ կտակում եմ քեզ»:

 

 


Լիլիթ Դամիրյան