«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը արդեն մի քանի տարի է ռազմական գործողություններ է մղում Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, մի շարք ճանապարհներով բավականին հզոր զենք ու զինամթերք ձեռք է բերում: 
Այս ճանապարհներից մեկը Սիրիայում և Իրաքում իր դեմ կռվող ուժերից զենք ու զինամթերք խլելն է: 
Մյուս առավել վտանգավոր ուղին ԻՊ-ին հովանավորող որոշ երկրների միջոցով զենք ստանալն է: Ըստ որոշ տեղեկությունների այդ երկրներն են Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան: 
Պաշտոնապես այս երկրները ժխտում են, որ իրենց քաղաքացիները հնարավոր բոլոր ուղիներով օգնություն են ցուցաբերում «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ծոցի երկրներից եկող փողերը օգտագործվում են սև շուկայից զենքեր գնելու համար: 




Այս օգնության և իրաքյան ու սիրիական զորքերից զենքի զավթումների արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում են հայտնվել ռուսական, չինական և ամերիկյան արտադրության մեծաքանակ զենք ու զինամթերք: 
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից առավել հաճախ օգտագործվում է AK 47 ավտոմատները: 
Իրաքյան, ինչպես նաև սիրիական զորքից խլված բազմաթիվ զենքերի և զինտեխնիկայի թվին են պատկանում M16 rifle-ը, M4 carbine-ը, FN Minimi-ն, Glock 17-ը, Beretta 92-ը, BRDM-2-ը, BMP-1-ը և այլ: Գրոհայիններն ունեն նաև հակաավիացիոն թնդանոթներ: 
Սակայն ամենասարսափելին այն է, որ ահաբեկիչների ձեռքն են ընկել սադամհուսեյնյան ժամանակաշրջանի իրաքյան քիմիական զենքերը, որոնք ըստ որոշ տեղեկությունների օգտագործվել է քրդական զորքերի դեմ:




Նաիրա Սահակյան