Սահմանադրական բարեփոխումների հարցը հայտնվել է թեժ ներքաղաքական պրոցեսների կիզակետում: Խնդիրն այն է, որ սահմանադրական բարեփոխումների իրականացման մեջ որոշ քաղաքական միավորներ տեսնում են այսպես ասած այլ նպատակներ' մասնավորապես' իշխանության վերարտադրություն, և ամեն կերպ խոչնդոտում են դրանց կյանքի կոչմանը:


Հենց այս քաղաքական միավորների դիքորոշումն էր պատճառը, որ նախագահ Սարգսյանը հետաձգեց Սահմանադրական բարեփոխումների իրականացումը մինչև 2015թ-ի փետրվար' փորձելով ստեղծել այդ ուժերի հետ բարեփոխումների շուրջ քննարկումների դաշտ:


Սակայն հարց է առաջանում, որքանով է արժանահավատ ոչ իշխանականների այն մոտեցումները, թե սահմանադրական բարեփոխումները միտված են միայն և միայն իշխանության վերարտադրությունը ապահովելուն: Նախ նշենք, որ սահմանադրական բարեփոխումները նախատեսում են կառավարման համակարգի կառուցվածքային լրջագույն փոփոխություններ և նոր քաղաքական ստրուկտուրայի ձևավորում' խորհրդարանական կառավարման համակարգով:


Լավ, եթե գործող իշխանությունները փորձում են վերարտադրվել, ապա ինչն է խանգարում նրանց վերարտադրվել գործող սահմանադրության և կիսանախագահական համակարգի պայմաններում, քանի որ գործող նախագահը շատ մեծ հաջողությամբ կարող է իր թեկնածուին առաջադրել և սատարել նախագահական աթոռին հասնելու հարցում, իսկ ինքը կստանձնի վարչապետական լիազորությունների իրականացումը: Հեռու չգնալու համար բերենք Ռուսաստանի օրինակը, երբ Վլադիմիր Պուտինը սատարեց Դմիտրի Մեդվեդևին նախագահի աթոռը ստանձնելու հարցում, իսկ ինքը դարձավ վարչապետ:


Այսպես' քանի որ գործող սահմանադրությունը նույնպես վերարտադրության լայն սպեկտոր է ապահովում, ապա սահմանադրական բարեփոխումների իրականացումը չի կարող միտված լինել իշխանության վերարտադրության ապահովմանը:


Փաստորեն այն քաղաքական ուժերի մոտեցումները, որոնք իշխանությունների վերարտադրությունը պատճառաբանելով դեմ են հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին, պայմանավորված են այլ քաղաքական նպատակներով:


Թե որոնք են այդ նպատակները, ապա նշենք դրա համար խորը վերլուծություն պետք չէ: Այն պայմանավորված է նրանով, որ որոշ քաղաքական սուբյեկտներ շահագրգռված չեն, որ կուսակցական հենարանը ապահովի երկրի փաստացի ղեկավարի պաշտոնի ստանձնումը: Իսկ ում է սա ձեռնտու այս ամենը թողնում եմ ձեր դատողությանը:

 

 

Նարեկ Պողոսյան