Ի պատասխան փետրվարի առաջին օրերին սիրիական հակակառավարական որոշ խմբավորումների կողմից մայրաքաղաք Դամասկոսի պարբերաբար հրթիռակոծմանը՝ սիրիական կառավարական ուժերն ու լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական խմբավորման ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում են նախաձեռնել երկրի հարավային և հարավ-արևմտյան՝ Հորդանանին և Իսրայելին սահմանակից նահանգները զինյալներից և հատկապես «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումից վերջնականապես ազատագրելու ուղղությամբ, որոնք այդ շրջանները մասամբ վերահսկում են 2014թ. աշնանից:
Նշվում է, որ կառավարական ուժերի նախաձեռնած հատուկ գործողությանը մասնակցելու են 4500 սիրիացի զինվորներ, «Հիզբալլահի», իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև աֆղանստանցի, ադրբեջանցի, և ասիական այլ երկրներից հավաքագրված շիա զինյալներ:
Հայտնի է, որ ադրբեջանցի զինյալների թիվը շատ ավելի մեծ է սիրիական հակակառավարական խմբավորումների և հատկապես նույն «Ջաբհաթ ալ-Նուսրայի» և «Իսլամական պետության» շարքերում:
Այսպիսով, արդեն մոտակա ժամանակներում կարելի է ակնկալել Սիրիայում սպանված ադրբեջանցների մասին նոր մահազդերի:
Արմեն Պետրոսյան