Իսլամական պետության սև դրոշը, որի վրա սպիտակով նշված է «Չկա աստվածություն Ալլահից բացի» և օղակի մեջ՝ «Մուհամմադն է Ալլահի առաքյալը», գույն ընտրության տեսակետից նման է Աբբասյան խալիֆայության սև դրոշին: 
Ու կարծես թե այս ուժերը իրար միայն դրոշով չէ որ նման են: 
Իսլամական պետությունը, որն աչքի է ընկնում իր զարհուրելի արարքներով, արյան ծով դարձնելով Սիրիան ու Իրաքը, կոտորելով, ահաբեկելով ու տանջելով հազարների, իր օրինակները վերցնում է պատմության խորքերից, երբ մարդ սպանելը, մեղմ ասած, այդքան էլ աննորմալ բան չէր: 
Ըստ պահպանված մի պատմության՝ Աբբասյանները, երբ 750-ին եկան իշխանության, որոշեցին «խաղաղության խնջույք» կազմակերպել Օմայյան դինաստիայի մնացուկների հետ: Օմայյաներից ավելի քան 80 անդամի հրավիրեցին ընթրիքի ու խնջույքի ամենաթեժ պահին սպանեցին նրանց: Բայց սա էլ բավարար չէր. Աբբասյանները շարունակեցին իրենց խնջույքը հենց Օմայյանների դիակների վրա: Իհարկե սա պատմության մեջ միակ նմանատիպ դեպքը չէ: 




Ի՞նչով է Աբու Բաքր ալ-Բաղդադին տարբերվում այս ոճրագործությունը իրականացրածներից: Ըստ իս մի բանով. այսօր մահ սփռելու տեխնոլոգիաները ավելի զարգացած են ու ալ-Բաղդադին ավելի մեծ հնարավորություններ ունի, դրա համար էլ ԻՊ-ի կողմից մարդիկ ողջակիզվում են, գլխատվում, ու եթե ոմանց բախտն էլ բերում է, գնդակահարության է արժանանում: 




Վերադառնալով սև դրոշին. վերջերս Իսլամական աշխարհի հոգևոր առաջնորդները բաց նամակ էին գրել ալ-Բաղդադիին, որտեղ մի հադիս կար նշված. «Երբ դուք կտեսնեք սև դրոշներ, մնացեք ձեր տեղում և մի շարժեք ձեր ձեռքերը կամ ոտքերը: Դրանից հետո այստեղ պետք է հայտնվի նվաղ փոքր ժողովուրդ: Նրանց սրտերը երկաթի մասնիկների նման կլինեն: Նրանք պետություն կունենան: Նրանք չեն կնքի ոչ պակտ, ոչ համաձայնագիր: Նրանք ճշմարտության կոչ կանեն, բայց իրենք ճշմարտության մարդիկ չեն լինի: Նրանց անունները ծնողական ատրիբուտներ կունենան և նրանց մականունները քաղաքաների անուններից կլինեն...»: 
Բայց խնդիրը սև դրոշի մեջ չէ, այլ այն, թե ում ես վերցնում որպես օրինակ...

 

 

 

 

 

Նաիրա Սահակյան