Հայաստանում ներքաղաքական իրադրությունը շիկացնելու փորձերի համատեքստում բավականին ուշագրավ են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոսկովյան վոյաժները: Տևական ժամանակ է, ինչ տեղեկատվական շրջապտույտի մեջ է դրված ՌԴ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Ծառուկյանի պատվիրակության «հանդիպումների» մասին շշուկները: Ի դեպ, հայասատնյան քաղաքական իրականության մեջ օգտագործվող սույն «պոնտերը» նորություններ չեն:


Եթե նման տիպի հարցերը լրջորեն քննարկվեին, ապա միգուցե կլինեին մարդիկ, որ Ծառուկյանին կհուշեին զերծ մնալ նախկինում չաշխատած սցենարները կյանքի կոչելու փորձերից:


Այնուամենայնիվ, քայլը արված է, և հիմա դրա արդյունավետությունը չափելու, գնահատականներ տալու ժամանակն է: Ելակետն ընդունենք այն, որ Ծառուկյանի խմբին ոչ մի լուրջ հանդիպում ունենալ չի հաջողվել: Կասկածից վեր է, որ Ռուսաստանում քաղաքական որոշումներ կայացնողներին մի քիչ մոտ գտնվող անգամ միջին տրամաչափի չինովնիկի հետ հանդիպումը չէր իջնի ծառուկյանական մամուլի էջերից, իսկ ԲՀԿ առանցքի շուրջ պտտվող «վերլուծաբանները» մեկը տաս դարձրած գուներանգներով կներկայացնեին «առաքելությունն առ ռուսական դաբռո»:


Ծառուկյանի մտածած ինտրիգն, ըստ էության, չեզոքացրեց Հայաստանի գծով ռուսաստանյան առաջնային մասնագետներից Մոդեստ Կոլերովը: Ովքեր հետևում են գործընթացներին, տեղյակ են Կոլերովի տեղեկացվածության մակարդակի ու հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգներում նրա դերակատարության մասին: Փետրվարի 10-ին «168 ժամ»-ին տված հարցազրույցում Կոլերովը շեշտեց. «Կրեմլը Հայաստանի ոչ իշխանական եռյակի, հատկապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հռչակած գործունեության կամ իշխանափոխության ոչ մի փուլում աջակցություն չի ցուցաբերելու: Երբ հերթական նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդդիմության ներկայացուցիչներն ինքնուրույն կգան իշխանության, միայն այդ դեպքում Կրեմլը նրանց կնկատի և կընդունի: Այս պահին ՌԴ իշխանություններն աշխատում են ՀՀ իշխանության հետ: Ես հասկանում եմ, թե որն է այդ ուժերի ուզածը: Եթե նրանք ներկայանում են՝ որպես ռուսամետ, դա իրենց սեփական ընտրությունն է և ոչ՝ Կրեմլի»:


Ինչևէ, Մոսկվայից ձեռնունայն վերադարձող Գագիկ Ծառուկյանին ճիշտ կլինի մտածել Կոլերովի խոսքում տեղ գտած դիպուկ արտահայտության՝ ինքնուրույնության ճանապարհով ինչ-որ բանի հասնելու մասին: Այս դեպքում, խոսքից գործ տրանսֆորմացիան կարող է և ինչ-ինչ արդյունքների հանգեցնել...

 

 

Միհրան Հակոբյան