Այն, ինչի մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնում են համաժողովրդական շարժման համակիրներն ու ոչ համակիրները, այսօր ԲՀԿ առաջնորդի հրավիրած խորհրդաժողովում հաստատել է Ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը. «Շարժման հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե եռյակի ղեկավարներն իրենց խոհանոցում իրար նկատմամբ որքան անկեղծ և վստահության մթնոլորտում են գործում:
Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ շարժման ղեկավարման խոհանոցում կան չհամակարգված և միմյանց նկատմամբ անվստահություն դրսևորումներ, ինչը անվստահություն է առաջացնում շարժման նկատմամբ»: Ռուբեն Հակոբյանը շարժման ղեկավարներին մի ուրիշ դաս էլ է տվել՝ հորդորելով իրենց «իրավունք չվերապահել և յուրովի չսահմանել, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն իրավունք ունի դառնալ շարժման անդամ, և ով՝ ոչ»:
Ամենաթարմ և ակնառու օրինակը, թերևս, այսօր մամուլում տարածված տեղեկատվությունն է այն մասին, թե եռյակի հիմնադիր անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով բոյկոտել էր ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որքան է զայրացել դրան մասնակցելու ցանկություն հայտնած ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի վրա՝ նրան ասելով, որ այդ քայլը կդիտի որպես իր նկատմամբ խորը վիրավորանք:
Փաստորեն, ստացվում է, որ ԲՀԿ առաջնորդի ելույթում հռչակված «նոր որակի իշխանություն» ձևակերպելու, քաղաքական մենաշնորհը վերացնելու, բազմակուսակցական կառավարման մոդել ներդնելու և մյուս ուղերձները նախևառաջ պետք է փորձել իրականացնել «առանձին վերցրած» եռյակի ձևաչափում, հետո նոր միայն կիրառել ամբողջ հանրապետության մասշտաբով:
Հ.Գ. Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքների մասին, քան իրականացնել դրանք:
Ռուբեն Խաչատրյան