Եգիպտոսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կահիրեում ԹՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Թուրքիայի ԱԳՆ-ին պաշտոնական բողոքի նոտա փոխանցելու նպատակով՝ պայմանավորված Անկարայի կողմից շարունակաբար թույլ տրվող միջազգային իրավախախտումների հանգամանքով. դրանցից վերջինը՝ թուրքական իշխանությունների կողմից երկրի տարածքում հակաեգիպտական ուղղվածության ահաբեկչական կազմակերպությունների սադրիչ հեռուստաալիքներին եթերի տրամադրումն է: Եգիպտոսի ԱԳՆ-ը նման քայլերը գնահատում է՝ որպես ագրեսիա Արաբական Հանրապետության դեմ և ՄԱԿ-ի կանոնադության ու միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում:


Արաբական Հանրապետության արտաքին գերատեսչության հայտարարության մեջ մեջբերվում են բազմաթիվ թուրք պաշտոնյաների արտահայտած տեսակետները, որոնք հաստատում են նրանց թշնամական վերաբերմունքը Եգիպտոսի ժողովրդի հանդեպ: Դա արտահայտվում է նաև Ռ.Թ. Էրդողանի գլխավորած վարչակարգի կողմից «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանը ցուցաբերվող աջակցության միջոցով՝ կառույցի ղեկավարներին ապաստան տալու և Թուրքիայի տարածքից անջատողական բնույթի հեռուստաալիքներին եթեր տրամադրելու եղանակներով:


Եգիպտոսի ԱԳՆ-ը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել նաև՝ նախ և առաջ «կարգ ու կանոն հաստատել սեփական երկրում և չմիջամտել հարևան պետությունների ներքին գործերին»: Նշվել է նաև, որ ներկայում Թուրքիայի ներսում տիրող իրավիճակը շատ հեռու է կատարյալ լինելուց, և որ թուրքական իշխանություններն էլ դադարեցնեն այլոց «կյանք սովորեցնելու» գործելաոճից:


Ամենաուշագրավն այս ամենում, թերևս, թուրքական դիվանագիտության պարտվողական սկզբունքայնությունն է, որը նույն Եգիպտոսի օրինակով դրսևորվում է նաև, ասենք՝ հարավային հարևան Սիրիայի և արևելյան հարևան Հայաստանի հետ հարաբերություններում, կամ ավելի ստույգ՝ պատճառ դառնում դրանց բացակայության:


Վերոնշյալի համատեքստում, կարելի պնդել, որ թուրքական իշխանությունների նման քաղաքականության հիմքում իրականում ոչ թե դիվանագիտական խոհեմությունն է, այլ «զոռբայությունը»՝ սեփական գործողությունների շարունակականության միջոցով ցանկալի արդյունքը դիմացինին թելադրելու, պարտադրելու գործելաոճը: Իսկ այդ ճանապարհին թուրքական իշխանություններն անտեսում են ոչ միայն բարոյական բոլոր նորմերը, այլև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Դարձյալ վերևում նշված հարևանների օրինակով՝ Սիրիայում գործող վարչակարգի տապալմանն ուղղված թուրքական իշխանությունների՝ արդեն 4 տարի շարունակվող ապարդյուն քաղաքականությունը, երբ իր նպատակներին հասնելու համար Անկարան տարաբնույթ աջակցություն է ցուցաբերում և համագործակցում մի շարք ահաբեկչական կազմակերպությունների՝ «Ալ-Կաիդայի», «Իսլամական պետության» և նմանատիպ այլ կառույցների հետ, անհարկի շրջափակում երկիրը, նպաստում դրա ավերմանն ու թալանմանը և այլն:


Իսկ Հայաստանի հարցում՝ ականատես ենք բոլորս, երբ կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ միասին նախաձեռնված շրջափակման, երկդիմի, սադրիչ քաղաքականության միջոցով շուրջ երկու տասնամյակ փորձում է Երևանին թելադրել հարաբերվելու սեփական կանոնները:


Մինչդեռ ցանկացած գործունեության, քաղաքականության արդյունավետության գնահատականը տվել և տալիս է ժամանակը: Հետևաբար, առնվազն թվարկված օրինակները հաշվի առնելով, կարելի է փաստել՝ հարևանների հանդեպ թուրքական քաղաքականությունը դատապարտված է տապալման:

 

 

 Արմեն Պետրոսյան