Ճապոնացի գիտնականները քնի խանգարում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս երեկոյան սննդակարգի մեջ բրինձ ներառել: Նրանք պարզել են, որ այն, մեծ քանակությամբ կիրառման դեպքում, կարող է խորը քուն պարգեւել՝ ի տարբերություն մակարոնեղենի, ինչն անքնության խթան է հանդիսանում: Երեւույթի հիմքում, մասնագետների մեկնաբանմամբ, սննդամթերքի գլիկեմիկ ինդեքսն է:
Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող տեսակները, օրինակ՝ բրինձը, առավել արագ են արյունը շաքարով հագեցնում: Բացի այդ էլ, հիշյալ ազդեցությունը կարող է ավելի երկար տեւել: Մյուս կողմից, ցածր գլիկեմիկ ինդեքսով բնորոշվող սննդատեսակները արյան մեջ շաքարի մակարդակի կարճաժամկետ եւ աննշան աճ են խթանում:
Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակների՝ քնի որակի վրա ազդեցությունը քնկոտություն առաջացնող ամինաթթվի՝ տրիպտոֆանի էֆեկտով է բացատրվում: Ածխաջրատներով հարուստ՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները դեպի ուղեղ առաքվող տրիպտոֆանի բաղադրության աճ են խթանում: Վերջինս, տեղ հասնելուն պես, սերոտոնինի է վերածվում, այնուհետեւ էլ՝ մելատոնինի, ինչը քնելու ցանկություն կարող է հրահրել
Հետազոտության ընթացքում 1848 ճապոնացի բանվորների (1164 տղամարդ եւ 684 կին) ամենամյա բժշկական հետազոտության արդյունքներն են վերլուծվել: Մասնակիցների քնի որակի գնահատման համար հետազոտական խմբի անդամները «քնի որակի ինդեքս» են կիրառել, ինչը հետեւյալ փոփոխականների համադրությամբ է որոշվում՝ լույսն անջատելուց հետո քնելու համար պահանջվող ժամանակը, քնի տեւողությունը, արդյունավետությունը, խանգարումները, դեղամիջոցների կիրառությունը եւ ինքնազգացողությունը՝ հաջորդող օրվա ընթացքում: Սննդակարգի մեջ առավել մեծ ծավալներով բրինձ ներառող մասնակիցների մոտ քնի սանդղակի առավել բարձր մակարդակ է գրանցվել: Ասել է, թե այդ մարդիկ, մյուս մասնակիցների համեմատ, ավելի լավ են քնել:
Իսկ ահա մակարոնեղենին նախապատվություն տվողների մոտ քնի հաճախակի խանգարումներ են արձանագրվել:
Վրեժ Հովսեփյան