Հայաստանն այսօր իրոք լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ցավոք տարին սկսել ենք ցնցումներով' տնտեսական-ֆինանսական պրոբլեմներ, սահմանային լուրջ բախումներ, զոհեր, Գյումրիի սպանդ, Բերձորի սադրանք, անմարդկային լկտի սպանությունների շարք… Մինչդեռ մեզ հիմա, քան երբևէ համախբվածություն ու միասնականություն է պետք, երբ դիմացը Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, երբ լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում, երբ ունենք ԼՂ հիմախնդրի կարգավորման հարցը, երբ երկրագնդով մեկ աշխարհա-քաղաքական լուրջ բախումներ ու վերաձևման գործընթացներ են:
Ցավոք, հաճախ քաղաքացիական ու ժողովրդավարական, քաղաքական նախաձեռնությունների անվան տակ ոմանք միայն անձնական-նյութական շահեր են առաջ տանում' փորձելով այլափոխել հասարակությանը, հաճախ նաև կեղծ արժեքներ ու պատկերացումներ ներարկել, կանգ չառնելով միջոցների ու ձևերի ընտրության, սադրաքների կիրառման գործում: Սակայն ցավն այն է, որ այդ ամենին ահավոր ջանադրաբար նպաստում են նաև որոշ անձեռնահաս ու շահամոլ պաշտոնյաներ ու գնում է կատաղության, ատելության նոպան ամենքի ու ամեն ինչի նկատմամբ…
Չի կարելի հասարակությանը միայն վրեժի ու պատժի գաղափարներով սնել: Ամեն ինչ ժխտելու, ամեն ինչ քաղաքականացնելու, ամեն ինչում միայն վատը տեսնելու գաղափարներով հեռուն չենք գնա: Երկրում գնալով տարածվում է կատաղության, ատելության համաճարակը, սկսում են հայհոյել ամեն ինչ ու ամենքին անխտիր, քննադատության ու վատաբանելու, հայհոյանքների ու անեծքների շքահանդես է սկսում, հիթ շքերթ ու մրցակցության մոլուցք…
Աընդհատ պետք չէ տխրել, տխրել միևնույն առիթով, անընդհատ դժգոհել ու անիծել…Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող, այդ դեպքում ինչու՞ եք դուք անընդհատ լալիս միևնույն կամ համանման առիթով…Մարդիկ չեն կարողանում վերանալ այս կամ այն արտաքին հանգամանքներից, զերծ մնալ զգացմունքայնությունից ու խորանալ, կենտրոնանալ բուն էության ու խնդրի վրա: Պատկերացնել դրանցից բխող հնարավոր բոլոր հետևանքները…Ցավոք դրան նպաստում են նաև պետական-իշխանական որոշ կառույցների, պաշտոնյաների անմտածված, ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կամ անգործությունը…Ու գնաց…
Սոցիալական, կենցաղային, աշխարհաքաղաքական, ազգային խնդիրները, պրոբլեմները, մարտահրավերները այնքան շատ են, կքած պատմական անարդարություների բեռի տակ, որ մեզ հիմա, առավել քան երբևէ համախմբվել է պետք…Համախմբվել ազգովի' Հայաստան, Սփյուռք, Արցախ, առաքելական, կաթոլիկ, հավատացյալ, անհավատ…Բոլորս' ես, դու, նա…Ու հատկապես պետական կառավարման տարբեր մակարդակներում ներգրավված պաշտոնյաները լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն…Սթափվելու, գործելու, խելքի գալու, պետական մոտեցումով առաջնորդվելու ժամանակն է…
Երեկ արդեն ուշ էր, այսօր անհապաղ գործել է պետք, այլապես կգործի իններորդ ալիքի էֆեկտը…
Ռոբերտ Մելքոնյան