ԼՂՀ նախագահ Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Վերջինիս հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել Բերձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:


Հիշեցնենք, որ Բերձորում հունվարի 31-ին բախումներ են եղել, ինչի հետևանքով Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամներ, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը վնասվածքներ են ստացել: Ընդ որում՝ ոստիկանությունը, ըստ տարածված կադրերի, բավականին ագրեսիվ էր:


Հիմնադիր խորհրդարանի ակցիայի նպատակները դեռ կդառնան քննարկման առարկա, սակայն այսօր սա չէ առաջնայինը: Այս պահին կարևոր չէ, թե կոնկրետ ինչ նպատակով էր հիմնադիր խորհրդարանը ակցիա անում, այս պահին հետաքրքիր է ոստիկանությանը պահվածքը, որը մանավանդ, սոցցանցում մեծ հակազդեցություն էր առաջացրել:


Այս տեսանկյունից, ԼՂՀ նախագահի հանձնարարությունը՝ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ ոչ միայն անհրաժեշտ, այլ պարտադիր քայլ էր, որի ընթացքից էլ պարզ կդառնա արդյո՞ք տեղի ունեցածը զուտ սադրանք էր կամ ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմ, թե քաղաքական որոշումն էր պատճառը, որ որոշ ակտիվիստների ծեծի ենթարկեցին, իսկ մեքենաները ջարդեցին:


Ծառայողական քննության ավարտից ու համապատասխան որոշումներից հետո նոր հնարավոր կլինի վերադառնալ հիմնադիր խորհրդարանի ակցիայի բուն նպատակներին ու դրա հետևանքներին:

 

 

Նարեկ Պողոսյան