ԼՂՀ-ն չընդունողների դիրքորոշումը համընկնում է ադրբեջանական դիրքորոշման հետ, ինչն աղերս չունի հարցը կասկածի տակ դնողների դիրքորոշման հետ, քանզի այդպիսի մոտեցում ունեցողները գոնե խնդիրը սեփական շահերից են դիտարկում։
Կհարցնեք ինչո՞վ է համընկնում։ Կպատասխանեմ՝ Ադրբեջանը երազում է միջազգային հանրությանը ապացուցել, որ ՀՀ-ն օկուպացրել է իր տարածքները, ինչը դեռևս չի հաջողվել, քանզի ԼՂ բոլոր իրավական հիմքերով դարձել է հանրապետություն և ՀՀ օգնությամբ փորձում է ճանաչելի դառնալ աշխարհին։
Պատկերացրեք հակառակը՝ ՀՀ-ն հիմա ճանաչի ԼՂՀ-ն որպես սեփական տարածք, այսինքն Արցախի մարզ։ Դրան կհաջորդի միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների հովանավորությամբ, պահանջը՝ ՀՀ-ն համարել օկուպանտ, քանզի ԽՍՀՄ օրոք տվյալ տարածքները եղել են Ադրբեջանի կազմում ինքնավարություն, որը գրավվել է ՀՀ կողմից և որն արդեն երկու տասնամյակ է ամբողջ աշխարհին խաբեությամբ ներկայացվել է որպես ինքնորոշման սկզբունքով անկախացած պետություն։
Այս զարգացումներից հետո կունենանք երկու ելք կա՛մ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների հովանավորությամբ, կբռնազավթվեն հայկական հողերը, կա՛մ կլինի Ռուսաստանի միջամտությունը և Հայաստանը Ղարաբաղի որոշ հատվածներով ներառյալ կդառնան «ռուսական մարզ»։
Հ.Գ. Դաշտը բաց է պետական շահերով առաջնորդվող քաղաքացիների և պաշտոնյաների համար՝ ճանաչելու և դիմակայելու ՀՀ և ԼՂՀ անկախության, ազատության և ինքնիշխանության դեմ պայքարողներին։
Նարեկ Այվազյան