Այո՛, տեղին է հիշել Գարեգին Նժդեհի խոսքը. «Սիրում է նա, ով ուժեղ է: Քրիստոս սիրում է, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր է»: Ս. Սարգսի տոնն արտաքուստ կրոնական թվացող, սակայն իրականում ժողովրդական սիրված տոն է և առնչվում է երիտասարդության սիրո տենչանքների հետ: Սարգիսն ինքը համարվում է սիրահարների հովանավորը:
Շնորհաշատ զորավար Սարգիսը, ով սեր ու նվիրում էր քարոզում, շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել. ԼՈՒՅՍ է... լույս է դարձել: «Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնությունը քո»: (Սաղմոս 50.17):
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին այսօր նշում է Ս. Սարգիս զորվարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը:
Եվ ինչպես Տ. Նավասարդ Սրբազանն է ասում. «Սիրո ուժն է անհաղթ»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ի դեմս Արարատյան Հայրապետական թեմի՝ օրհնությամբ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի մի կարևոր տոն նշեցինք, տոն, որը արդեն տաս տարի է մեծ շուքով է տոնվում՝ երիտասարդների սիրո և բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Առավոտյան եկեղեցիներում Սուրբ պատարագ մատուցվեց, այնուհետև երիտասարդների շուրթերից սիրո, հավատի աղոթք բարձրացավ դեպի ՏԵՐԸ՝ առ Աստված:
«Իզուր չէ, որ մենք բանակի հետ միախառնված ենք նշում զորավար ս. Սարգսի տոնը, որովհետև մեր զավակները հայ երկինքը ջինջ ու անամպ են պահում մեր գլխավերևում, որպեսզի մենք սիրենք միմյանց, մենք էլ պետք է կիսենք այդ սերը նրանց հետ, որով վտանգում են իրենց կյանքը՝ մեր խաղաղությունը պահպանելով:
Սերը պետք է բաժանել, սերը պետք է վերադարձնել ծնողին, վերընծայել Արարչին, ումից էլ այն գալիս է մեզ: Սերը պետք է բաժանել, որպեսզի այն բաժանարար չլինի, այլ միավորի մեզ: Այսպիսի հզոր հավատք ունի սերը և այսօր հույժ կարևոր պատգամ ունի մեզ»,- Տ. Նավասարդ արքեպիսկոպոս:
Այնուհետև ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ Սրբազանն ու Տ. Վրթանես սրբազանը Ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջով օրհնեցին երիտասարդներին:
Ոչ մի տարի դեռ այսքան կազմակերպված չէր եղել այդ օրը, նմանը չունեցող, սիրո, հավատարմության տոն, որը եկավ ապացուցելու, որ այո՛, հայ քրիստոնյան պետք է դուրս մղի իր կյանքից, մտածողությունից օտար տոները և իր ազգային տոները ըստ էության մեծ նշանակություն պետք է տա:
Այս տարի, որպես հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակ, նույնպես մասնակցեցի տոնին, ականատեսն ու վկան եղա մի գեղեցիկ օրվա՝ Սուրբ Սարգսին նվիրված խաչերթին, սիրո խաչերթին, որտեղ հիմնականում մասնակցում էին երիտասարդները, զինվորները, հոգևորականներ, հավատացյալ հոտը, նվազագույնը՝ հինգ հազար մասնակից, ինչը որ մեր օրերում շատ կարևոր բան է... Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից խաչերթը Տ. Նավասարդ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց Մաշտոցի պուրակով, դեպի Բաղրամյան տանող՝ «Սիրահարների այգի», ուղեկցությամբ՝ թմբուկների, շեփորահարների, խաչի զորության ու օրվա խորհուրդը ամբողջացնող ձին ու ձիավորը...
«Սիրահարների այգում» երգն ու պարը, ուրախ տրամադրությունը, անակնկալ նվերները սպասում էին երիտասարդներին, հատկապես նրանց ում հոգիներում միշտ սերն է ապրում՝ Աստծո սերը...
Այո՛, ուրեմն դեռ ոչինչ կորած չէ:
Ոգևորությունս մեծ էր՝ աննկարագրելի, կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել, որը օրը գեղեցիկ սիրո և լույսի մեջ մնար:
Արթուր Հայրապետյան