Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաեւ Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ս. Սարգիս զորավարը իր որդու' Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ' Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից' իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան' Մեծն Տրդատի թոռը' Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա:
Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է' ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված' Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը:
Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին' Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ' գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)' տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տեւում է հինգ օր:
Ս. ՍԱՐԳԻՍ' ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն' աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում' յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով' Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին' հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի' Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:
Աղբյուր՝ qahana.am, Հեղինակ' ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
Նարինե Ավագյան