Եթե կսխալվեմ, մեծ սիրով կընդունեմ փորձագետների կարծիքը. ռազմական փորձագետ չեմ և սա զուտ իմ սուբյեկտիվ մտորումներն են: Սահմանը տեսախցիկներով և զգայուն սարքերով ավելի անվտանգ դարձնելու մասին շատերն են խոսում : Բնականաբար, ինչպես ցանկացած հայ, ես նույնպես կցանկանայի, որ մեր դիրքապահ -սահմանապահները , ի հաշիվ տեխնիկական միջոցների, ավելի քիչ վտանգեն իրենց կյանքը, ԲԱՅՑ: Բայց առաջանում են հարցեր: Շատերը սարքերը չտեղադրելու պատճառ են բերում ֆինանսական միջոցների բացակայության հանգամանքը. մի քանի միլլիարդ դոլլար է պետք, որ սահմանային գոտում մարտական դիրքերը վերազինվեն ժամանակակից գերզգայուն սարքավորումներով և տեսախցիկներով, բայց ըստ իս ֆինանսը դա մի մասն է միայն, որովհետև կարելի է անգամ համազգային դրամահավաք կազմակերպել, ոմանց գույքը վաճառել և այլն : Օրինակ ադրբեջանը ֆինանսական պրոբլեմ չունի, բայց իրենք էլ չեն զինում իրենց դիրքերը այդ միջոցներով: Ընդունում եմ, որ հեյդարի վաստակը թքած ունի իր զինվորի կյանքի վրա, բայց հաստատ նա էլ կցանկանա, որ իր զինվորների շրջանում զոհերի քանակը քիչ լինի և ժողովրդի աչքին ավելի լավը երևա: Այսինքն խնդիրը միայն փողի մեջ չէ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դիրքերում տեսախցիկ տեղադրել, որ հակառակորդի անընդհատ արձակվող գնդակները այն չխոցեն, կամ դիպուկահարի կողմից այն չնկատվի ու չոչնչացվի: Կամ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ականներով շրջապատված դիրքերի շուրջբոլորը շարել սենսորներ, որոնց մարտկոցների լիցքաթափման դեպքում, առանց զինվորների կյանքը վտանգելու, փոխել մարտկոցները, էլ չասեմ, որ անընդհատ եկող գնդակները չվնասեն սարքերը: Համաձայն եմ, որ Իրանի, Վրաստանի, թուրքիայի հետ պետական սահմանները կարող են համալրվել նման սարքերով, որովհետև դրանք նորմալ պետական սահմաններ են, իսկ ադրբեջանի հետ սահմանը իր բնույթով պատերազմական գործողությունների առաջնագիծ է :
Տիգրան Մկրտչյան