Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը: ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Օգտվելով միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորված բարենպաստ միջավայրից, որը կարող է կարճաժամկետ լինել, գործադիրը նպատակահարմար է համարել արտարժութային պարտատոմսերի թողարկումը: Այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող, որը համակարգում է տեղաբաշխման գործընթացը, իրականացում մարքեթինգային ռազմավարությունը, պատասխանատու է պարտատոմսերի տեղաբաշխման համար: Կառավարությունը որոշել է միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով, ՀՀ ֆինանսների նախարարին լիազորել ՀՀ կառավարության անունից ստորագրել համապատասխան պայմանագրերը: Ակնկալվող արդյունքը ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորումն է: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաշխարհային տնտեսության վերջին տարիների վայրիվերումները բնութագրել է իբրև տնտեսական պատերազմ և շեշտել, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու ուղիներ: Արտահանումը խթանելու օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում: Արտարժութային պարտատոմսերի թողարկումը պետք է դիտարկել միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության տեսակետից: Գումար ներգրավելը ազդակ լինի, որպեսզի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ևս ի հայտ գան: Աշխատանքային խումբը ձեռնարկում է համաշխարհային տնտեսության տատանումից ծագող մարտահրավերները չեզոքացնելու այլ միջոցներ ևս:
Գրիգորյան Ժորա