Freedom house-ն Արցախը գնահատել է որպես մասամբ ազատ երկիր իր՝ «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցում: Այնտեղ ներառված են և քաղաքական իրավունքների, և քաղաքացիական ազատությունների գնահատումներ, որոնցով Արցախը գերազանցում է իր նկատմամբ ոտնձգություններով հավակնություններ ունեցող և իր ժողովրդի անօտարելի, յուս-կոգենս իրավունքի իրացումը չճանաչող, կասկածի տակ առնող, իբրև տեռորիզմ, սեպարատիզմ և այլն գնահատող արհեստական երկրին:

 

Սակայն, այս հեղինակավոր կազմակերպության վարկանիշային աղյուսակը (որտեղ Ադրբեջանը գնահատվել է ոչ ազատ երկիր), ցույց է տալիս, որ այդպիսի գերակայություն ունեցող հարցերը Ադրբեջանի պես երկիրը չի կարող վիճարկել, որովհետև դա պետք է անի առնվազան "կասկածի օբյեկտից" ոչ պակաս վարկանիշ ունեցող երկիր:

 

 


Ակնհայտ է՝ Ադրբեջանը դեռևս շատ է զիջում այն երկրին, որը փորձում է կցել իրեն նույնիսկ ռազմական ճանապարհով: Դիկտատորական, ավտարկիական էլիտան և/կամ տոտալիտար հակումներով ռեժիմը չի կարող գնահատել իրավունքի այնպիսի բարձրագույն ձև, ինչպիսին ինքնորոշումն է, քանի որ դա ենթադրում է առնվազն դեմոկրատուրական (լիբերալիզմի բավարար մակարդակ) ռեժիմից բխող և դրան համահունչ քաղաքական գիտակցության վրա հիմնված վերլուծություններից, մոտեցումներից ձևավորված որոշում, իսկ այդպիսին ադրբեջանական ոսկրացած ու օլիգարխիական-միլիտարիստական վարքագծով էլիտային բնորոշ չէ:

 


Վերջապես, ինչպես նշվում է դեմոկրատիայի չգրված, բայց շատ ընդունելի օրենքներով, դեմոկրատական կազմավորումները չպետք է կցվեն, ապրեն, մտցվեն, ենթարկվեն ոչ դեմոկրատական կազմավորումներին, այլ կերպ ասած՝ ազատությունը գերակա է ոչ ազատության նկատմամբ:

 

 

Արման Սահակյան