Շատ մարդիկ վախենում են ձու ուտել, քանի որ լսել են, որ ձուն հագեցած ճարպեր եւ խոլեստերին է պարունակում։ Սակայն, Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Ջուլի Զումպանոյի խոսքով ձվերից պետք է միայն սրտանոթային հիվանդություններ ունեցող եւ այդ հիվանդությունների ռիսկային խմբում գտնվող մարդիկ զգուշանան։
Սակայն շաբաթական եւ օրական քանի՞ ձու կարելի է ուտել։
Մասնագետի խոսքով քանի ձու ուտելու վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ, ցավոք սրտի, դեռ չկան։ Սակայն, նրա խոսքով, պետք է հիշել, որ ձվի սպիտակուցներն օգտակար են, իսկ զգուշանալ պետք է խոլեստերինով եւ հագեցած ճարպերով դեղնուցից միայն։
«Եթե Դուք սրտի հետ կապված որեւէ հիվանդություն ունեք, կամ էլ Ձեր խոլեստերինը բարձր է, զգույշ եղեք ձվերի դեղնուցների հանդեպ եւ անպայման հետեւեք, թե հագեցած ճարպերով (կարմիր միս, տավարի, խոզի, հորթի եւ գառան, թռչնամաշկ, կաթնամթերք կամ էլ յուղոտ պանիր) հարուստ էլ ինչ սնունդ եք ընդունում»,-ասել է բժիշկ Զումպանոն։
Առողջ մարդիկ կարող են այդքան էլ չզգուշանալ ձվերից, բայց նրանց խորհուրդ էլ չի տրվում ձուն չարաշահել։
Բացի դրանից, Զումպանոյի խոսքով կարեւոր է նաեւ ձվի պատրաստման մեթոդը։ Յուղի մեջ տապակելը ձվից պատրաստված ճաշատեսակն էլ ավելի վնասակար է դարձնում, այնպես որ ձուն ցանկալի է եփել։ Բացի դրանից, մասնագետը հիշեցնում է, որ ձուն առանց աղի է ցանկալի ուտել։
Վրեժ Հովսեփյան