Պատերազմի տարիներից անցած քսանամյակում չկար որեւե ժամանակաշրջան, երբ Հայաստանն ու հայությունը ենթարկվեն այսպիսի ակնհայտ ու մահաբեր նախահարձակմանն ու այսպիսի կորուստներ կրեն, ինչպես Ցեղասպանության հարյուրամյակի այս 2015 թվականի դեռ չավարտված հունվարին: Երկու տասնյակի մոտեցող զոհերի թիվը ցանկացած քաղաքակիրթ երկրում կառաջացներ համազգային հուզումներ եւ քաղաքական փոթորիկ: Մեզանում սա տեղի չի ունենում, երեւի թե այն պատճառով, որ համազգային հուզումներն ու քաղաքական ճգնաժամը Հայաստանում կրում են մշտական բնույթ:

 

 

Սակայն նման բացատրությունը բոլորովին բավարար չէ մեկ այլ զավեշտական հարցը պարզաբանելու համար' ինչո'ւ Հայաստանի Հանրապետության սահմաններին գոնե Տավուշի մարզում շարունակվող ադրբեջանական հարձակումներին բացարձակապես չի արձագանքում մեր "ռազմավարական դաշնակից" հանդիսացող Ռուսաստանը, որը պաշտպանական պայմանագիր է կնքել ՀՀ հետ եւ որի չարաբաստիկ ռազմակայանը գտնվում է չդադարող մարտերից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա?

 

 


Այստեղ կարելի է երկու ենթադրություններ անել: Առաջինը' ադրբեջանական նախահարձակման նոր ալիքը համընկավ Գյումրիյում ռուսական զինծառայողի կողմից կատարված սարսափելի ոճռագործության հետ եւ միասին այս ակնհայտորեն համակարգված արյունահեղությունները կոչված են խուճապի մատնել հայությանը եւ խորացնել ազգային անպաշտպանվածության բարդույթը, որը պետք է չեզոքացնի ազգային արժանապատվության, ցասման ու ազատատենչության բոլոր դրսեւորումները, հատկապես Ավետիսյանների ընտանիքի սպանդի պատճառով ալեկոծված հայ հասարակության մեջ:

 

 

Ի վերջո, ռազմական հինգմիլիառդանոց գործարքը կատարած Մոսկվան ու Բաքուն հեշտությամբ պայմանավորվում են այդ նույն զենքի գործածման ժամկետի, տեղի ու պայմանների մասին: Երկրորդը' այս ամենը կատարելապես համընկնում ու ծառայում է Կրեմլի մյուս կարեւորագույն գործընկերոջ' Անկարայի շահերին, որը Հայող Ցեղասպանության հարյուրամյակի շեմին հսկայական ջանքեր է թափում աշխարհն ու հայությանը շեղել այդ տարեթվից: Ու եթե Էրդողան-Դավութօղլու զույգը գործի մեջ է դրել անգամ Գալիպոլի/Չանակալե մարտի խեղաթյուրված տարելիցը, ապա շատ ավելի հեշտ է նման "լավություն" ստանալ Պուծին-Ալիեւ բարեկամական տանդեմից:

 

 

Հայկական արեւելյան սահմաններում չհայտարարված պատերազմից եւ արեւմտյան սահմանում չբացահայտված զանգվածային սպանդից Էրդողանը ակնկալում է Ցեղասպանության անգութ հարցադրումների թուլացած ու լղոզված պատկերը, Պուծինը ակնկալում է համախմբվող հայության փոխարեն վախեցած ստրուկների ամբոխը, որը կրկին պետք է օրհնի ռուսի սապոգը, իսկ Ալիեւը շահում է անվախ հերոս քաջ Նազարի երանելի դափնիները: Կորցնում է միայն Հայաստնանը: Այնպես որ բոլոր գայլերը կուշտ են, իսկ միակ ոչխարը... դե, առաջին անգամ չէ: Ահա ինչու ո'չ 102-րդ ռուսական ռազմակայանը, ո'չ էլ բուտաֆորիկ ՀԱՊԿ-ը երբեք չեն պաշտպանելու Հայաստանը ո'չ ռուսական զենքով մեզ սպանող ազերիներից, ո'չ էլ ռուսական նավթագազային շահերն ու խողովակները պաշտպանող թուրքերից: Մինչեւ որ մենք չհասկանանք ու չպաշտպանենք ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ, դատապարտված ենք լինելու ծառայել, սպասարկել ու սպանվել ուրիշների շահերի համար:

 

 

 

 

Տիգրան Խզմալյան