National Geographic գիտական ամսագիրը հոդված է նվիրել Հայոց ցեղասպանության և դրա ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրած մշակութային ցեղասպանության քաղաքականության արդյունքում կիսավեր դարձած հայոց մայրաքաղաք Անիին: «Ի՞նչ ենք խոսում Ցեղասպանության մասին» վերտառությամբ հոդվածում ամերիկացի լրագրող, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Փոլ Սալոփեկը նկարագրում է Արևմտյան Հայաստան կատարած ճանապարհորդության, Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածների մասին:

 

 

Թղթակիցն ուղեկցորդի հետ շրջել է երբեմնի ծաղկուն քաղաք Անիի ավերակներով և զրուցել դեռևս 1914 թվականին ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակվող մոտ երկու մլն հայերի անհետացման մասին, 1922 թվականին միայն 400 հազար հայեր էին մնացել: Ի՞նչ է տեղի ունեցել ավելի քան 1.5 մլն հայերի հետ: «Դա, ինչպե՞ս էր անգլերեն բառը, ցեղասպանությո՞ւն: Այո, ցեղասպանություն էր: Իմ տատիկն է այդ մասին պատմել մայրիկիս: Տատիկս պատմել է, որ նրանք (թուրքերը) հայերին փակել են Եփրատ գետի մերձակայքում գտնվող տներում, հետո գիշերով հանել տներից և քշել գետը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ լրագրողին փոխանցել է քուրդ ուղեկցորդըˋ Մուրադ Յազարին:

 

 

Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերզմից ութ ամիս անց Եվրոպան սկսեց հաննիբալիզմի ենթարկել ինքն իրեն: Բազմամշակութային Օսմանյան կայսրությունը մահանում էր ահավոր սպազմից: Օսմանյան կայսրության թուրք մեծամասնությունն իրենց ազգայանամոլ առաջնորդների ղեկավարությամբ վրեժխնդրությամբ լցվեցին դարավոր հարևանների' ասորիների, հույների, և գլխավորապես հայերի նկատմամբ: Հայերը մեղադրվեցին անհավատարմության, դավաճանության մեջ: Թուրք դահիճներն իրենց ոճիրն իրագործում էին տեղի քրդերի ձեռքով: Տեղի քրդերը հարձակվում և սպանում էին հայերին, յուրացնում հայկական ունեցվածքը, աքսորված հայերի լքյալ տները, տնտեսությունները և անասունները: «Մի անգամ, Ստամբուլում ես ներողություն խնդրեցի մի հայից: Ես ասացի նրան, որ ցավում եմ իմ նախնիների արածների համար»,- ասել է քուրդ ուղեկիցը:

 

 

Երկար տարիներ Թուրքիայում վտանգավոր է եղել 1915 թվականի ցեղասպանության մասին խոսելը կամ հիշատակելը: Թուրքիայի դատավորները ցեղասպանություն եզրը սադրիչ և վիրավորական են որակել, և այդ մասին խոսելը Թուրքիայում դարձել էր տաբու: Իսկ թուրքական կառավարությունն այդ իրադարձությունների իր պաշտոնական տարբերակն է մշակել, որի համաձայնˋ իբր թե հայերն Օսմանյան կայսրության մյուս ազգերի նման սպանվել են պատերազմի ժամանակ:

Փոլ Սալոփեկը, սակայն, նկատում է որ Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից պատմության տարընթերցումն սկսել է «ճաքեր տալ»:

 

 

Քաս Քալե գյուղի գյուղապետ Սալեհ Էմրեն պատմում է, որ «այս հողը ժամանակին պատկանել է մի հայ առևտրականի» և թվարկում հարակից քաղաքների անուններ, ուր մի ժամանակ գերազանցապես բնակեցված են եղել հայերովˋ Վան, Բադնոց, Աղրը: Հիմա ոչ մի հայ չի բնակվում այնտեղ: «Ես կցանկանայի այցելել Հայաստան: Հայերը մեր հարևաններն են եղել»,- ցանկություն է հայտնել տարեց գյուղապետը:

 

 

 

Photograph by Paul Salopek