Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին ուղիղ կապ ունի Ուկրաինայում այս վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ադրբեջանը փորձում է օգտվել՝ Դոնբասում Ռուսաստանի ներկայության մեծացումից՝ կարծելով, թե կկարողանա փոխել ստատուս քվոն տարածաշրջանում՝ նման մտածված դիվերսիոն գործողություններով և տարածաշրջանում ապակայունության մթնոլորտի ձևավորմամբ:


Կրկին անգամ պետք է նշել, որ 2015թ. սկզբից ևեթ Ադրբեջանի իշխանությունը վերսկսել է անպատասխանատու քաղաքականության իրականացումը, ինչը վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը:


Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները:


Բացի այդ՝ տարածաշրջանում նորից ակտիվացել են այն խաղացողները, որոնք փորձում են այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել, որ Ռուսաստանը շեղի ուշադրությունը Ուկրաինայում՝ ռուսաբնակ շրջաններում տիրող իրավիճակից կամ ստիպված լինի միաժամանակյա քայլեր ձեռնարկել թե Ուկրաինայի ճգնաժամի շրջանակներում և թե՝ Կովկասում, ինչը կարող է նվազեցնել նրա ներգործության չափը:


Փաստացի՝ ներկաումս իրավիճակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում կլինի ուղիղ համեմատական իրավիճակին Արևելյան Ուկրաինայում:

 

 

Բագրատ Մովսիսյան