Զինված միջադեպերի հաճախակիացումը շփման գծում արձանագրվել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից դեռ շատ առաջ: Այդ երկուսի անմիջական կապը կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ հանցագործն իր ոճիրն իրականացրել է Ադրբեջանի գաղտնի ծառայությունների պատվերով: Այնժամ հնարավոր կլինի ասել, որ Ադրբեջանն այլևս չի բավարարվում ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով և որոշել է իր գործողություններին հավելել նաև խորը թիկունքում ապրող մարդկանց ահաբեկելու գործելակերպը:Լարվածությունը թեժ պահելուն միտված Ադրբեջանի մոտեցումը բխում է այդ երկրի կողմից որդեգրած քաղաքականությունից, հանդիսանում է այդ քաղաքականության հիմնատարրերից մեկը: Թեև հայկական կողմերը ռազմաճակատում սովորաբար կարողանում են համարժեք ռազմական պատասխանը տալ հակառակորդի սադրանքներին, սակայն քաղաքական ասպարեզում նույնը անել նրանց չի հաջողվում և չի հաջողվի, քանի դեռ իրենց քաղաքական պահվածքը չեն վերանայել ու չեն համալրել նոր արդյունավետ մոտեցումներով:


Ադրբեջանը նպատակ ունի իր լիակատար վերահսկողության տակ առնել Արցախի Հանրապետության ներկայիս ողջ տարածքը՝ սա է մեր հակառակորդի անփոփոխ նպատակը, որի իրագործման համար նա չի ափսոսում ոչ իր մարդկանց կյանքը, ոչ էլ իր տրամադրության տակ եղած մեծածավալ նյութական միջոցները:


Ոչ մի երկիր ու ոչ մի ժողովուրդ չի ցանկանա պատերազմի մեջ ներքաշվել և մենք այդ առումով բացառություն չենք կազմում: Այդուհանդերձ, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի պահվածքն ու նպատակները, առկա իրավիճակը համակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի՝ միայն լուրջ մասնագիտական վերլուծության հիման վրա հնարավոր կլինի պաշտպանվելու կամ հարձակվելու վերաբերյալ կշռադատված որոշում կայացնել: Եթե պատերազմն ինչ-ինչ պատճառներով համարվի անխուսափելի, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ ռազմական գործողություններն ի սկզբանե տեղի ունենան հակառակորդի տարածքում:


Ղեկավարությունը, ողջ մեր քաղաքական դասը պետք է գիտակցեն երկրի կառավարման համակարգի որակական փոփոխության անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ են վստահություն ներշնչող ու արդյունավետ նոր մոտեցումներ, որոնք կապահովեն ներքին միասնականության ու փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ նախադրյալները և թույլ կտան իրատեսական հիմքի վրա կառուցել մեր հարաբերություններն արտաքին աշխարհի՝ բարեկամների, հակառակորդների ու պոտենցիալ գործընկերների հետ:

 

 

Արման Մելիքյան