Այսօր թալիշական մտավորականության որոշ ներկայացուցիչներ փորձել են Բաքվի ANS հեռուստաընկերության դիմաց բողոքի ցույց անցկացնել այդ ալիքով թալիշներին վիրավորելու կապակցությամբ: Ցույցը պետք է սկսվեր ժամը 12-ին Խորհրդային միության հերոս, ազգությամբ թալիշ, գեներալ Հազի Ասլանովի հուշարձանի դիմաց: Սակայն ոստիկանությունը չի թույլատրել մասնակիցներին հավաքվել այդտեղ: Բացի դրանից ձերբակալվել է "Թալիշների ձայն" թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը:


Սույն թվականի հունվարի 9-ին ANS հեռուստաընկերությամբ հեռարձակվող "Մարդկանց շրջանում" հաղորդման ժամանակ ժյուրիի անդամներից Խալիդա Ահմեդովան վիրավորել է մասնակցին, ասելով՝ "Տղա ջան, գնա թալիշական ակցենտը բերանիցդ մաքրի, նոր արի երգի": Հաջորդ հաղորդման ժամանակ հաղորդավար Էլգիզ Աքբարը պաշտպանել է Ահմեդովային, նշելով, որ երկրում կա մեկ գրական լեզու, և բոլորը պարտավոր են տիրապետել այդ լեզվին: Այս հակաթալիշական արշավը սկսվել է դեկտեմբերին, երբ Թալիշստանի կենտրոն համարվող Լենքորանի ղեկավարությունը որոշեց հանել քաղաքում թալիշների հետ կապված ցանկացած պաստառ և գրառում:

 

 

Սարգիս Ասատրյան