Այս տարի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված թուրքական «ORC» հետազոտական ընկերությունն անց է կացրել լայնամասշտաբ հարցումներ: Թեև այս ընկերությունը հայտնի էր գյուլենական համայանքի հետ իր ունեցած կապերով, այդուհանդերձ օբյեկտիվ, անաչառ հարցումներ անցկացնելու հեղինակություն ունի:


Ըստ հարցումների արդյունքների' Թուրքիայի ընտրողների 48.6 տոկոսն իր ձայնը կտա իշխող ԱԶԿ-ին: Ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն ստացել է հարցվածների ձայների 23.3, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 13.5 տոկոսը: Ինչ վերաբերում է քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որն ի դեպ որոշում է կայացրել այս ընտրություններին մասնակցել ոչ թե անկախ թեկնածուների առաջադրմամբ, այլ կուսակցության ցուցակով, ստացել է 8.2 տոկոս ձայն: Այսինքն' չի հաղթահարել 10 տոկոսանոց ընտրական շեմը:


Մեծ հաշվով, ըստ հարցումների գրանցած արդյունքների, պատկերն էականորեն չի տարբերվում 2011 թ. ընտրությունների արդյունքներից:


Հարցվածների 56 տոկոսը դրական պատասխան են տվել երկիրը նախագահական կառավարման համակարգի փոխելու ԱԶԿ-ի նախաձեռնությանը:


Նախորդ ցուցանիշների ու սոցհարցումների համեմատ էականորեն նվազել է թուրքական հասարակության ձգտումը դեպի ԵՄ: Հարցվածների միայն 21.5 տոկոսն է կարևորել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության անհրաժեշտությունը:

 

 

Լևոն Հովսեփյան